«Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին». Սամվել Ֆարմանյան. «Իրատես»
Նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, Նիկոլ Փաշինյանին համարելով անկանխատեսելի ու անկայուն, իր մտահոգություններն է հայտնում ներքին ու արտաքին քաղաքական իրավիճակի շուրջ։ Ներկայացնում ենք հատվածներ «Իրատես» թերթին Ս. Ֆարմանյանի տված հարցազրույցից.
-Հայաստանում, ըստ Ձեզ, իշխանության որակը փոխվե՞լ է, իշխանությունն ինչպես խոստացել էր, ազատվե՞լ է կոռումպացված չինովնիկներից, բյուջեն թալանող պաշտոնյաներից։ Եվ ընդհանրապես, Ձեր դիտարկմամբ՝ ի՞նչ արժեքների կրող է այսօրվա իշխանությունը։
– Նիկոլ Փաշինյանի իշխանության արժեհամակարգը դրա իսպառ բացակայությունն է: Բոլոր նրանք, ովքեր Փաշինյանի իշխանությունը բնորոշում են որպես պոպուլիստական, մասամբ սխալվում են: Համեմատեք, ուսումնասիրեք տեսությունը, պրակտիկան ու կհամոզվեք դրանում: Սա լրիվ այլ բան է: Ես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կբնորոշեի որպես «ոչ համակարգային իշխանություն»: Իր տեսակի մեջ գուցե առաջինն է աշխարհում. աշխարհը գիտեր, թե ինչ բան է «ոչ համակարգային ընդդիմությունը», սակայն մինչև Փաշինյանը, չգիտեր, թե ինչ բան է «ոչ համակարգային իշխանությունը»: Կարող է պարզվել, որ մենք գործ ունենք քաղաքական ու քաղաքագիտական «know-how»-ի հետ:
Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հազար բանում, իհարկե, կարելի է մեղադրել, բայց մի շատ կարևոր բան պետք է արձանագրել ու շնորհակալություն հայտնել: Երկիրն արմատական «restart»-ի ու արդիականացման կուրսի կարիք ուներ: Կգերադասեի, որ դա կատարվեր վերևից (ինչի համար իմ համեստ հնարավորության սահմաններում աշխատել ու պայքարել եմ երկար տարիներ իմ բազում ընկերների հետ)` լուրջ, ծրագրային, մտածված, երազանքների թիմով ու հետևողականորեն: Եղավ ներքևից ու եղավ անլուրջ, արագ մսխվեց հանրային հսկայական էներգիան, ու այսօր գործ ունենք հերթական կորցրած հնարավորության հետ:
Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ, այդ առումով, ինքն իր գլխից բարձր է ցատկել, ընդ որում, իր կամքից անկախ: Ես Նիկոլ Փաշինյանից ողջամտորեն այլ դրական սպասում չունեմ: Արտաքնապես իշխանությունը դրսևորում է քաղաքական կամք` նվազագույնի հասցնելու կոռուպցիան: Դա լավ է: Սակայն նախ կամքը բավարար չէ, արդյունավետ ինստիտուտներ, լավ օրենսդրություն, արդյունավետ կառավարում ու հանրության վարքագծի փոփոխություն է անհրաժեշտ, ապա, իսկապես չգիտեմ՝ ներկա բարձրաստիճան չինովնիկները ներգրավված են կոռուպցիոն գործարքներում, թե ոչ: Ինչպես ասում են` միայն հերձումը ճիշտ պատկերը ցույց կտա: Գոնե արդեն հանրային մեծ հնչողություն ստացած շատ դեպքեր այլ բանի մասին են խոսում:
-Մեկուկես տարի է անցել, բայց Փաշինյանի հայտարարած կախարդական փայտիկը ինչու՞ այդպես էլ չի աշխատում, ինչու՞ տնտեսությունը թռիչքաձև չի աճում, ներդրողները փողի ճամպրուկներով Հայաստանի «դռանը» հերթ չեն կանգնում, ոլորտային բարեփոխումներ չկան։
– Նիկոլ Փաշինյանը խաբել է ժողովրդին: Նա շատ լավ գիտի, որ մեր, ինչպես ցանկացած հանրության մեծ մասը մասնագիտական պատկերացումներ չունի ներդրումների, տնտեսական միջավայրի ու այլ հանգամանքների մասին, և գիտակցված մոլորեցրել է նրան: Մարդիկ ուզում էին ու այսօր էլ ուզում են ավելի լավ ապրել, և Փաշինյանը ասում էր` ահա, կգամ, կվերացնեմ կոռուպցիան, հետ կբերեմ թալանված փողերը, կձերբակալեմ օլիգարխներին, ներդրումները կգան, ու դուք ավելի լավ կապրեք: Պարզվեց, որ միայն ինքն ու իր շրջապատն են սկսել ավելի լավ ապրել: Ասում էր, չէ՞, մինչև նոր խորհրդարան չլինի` ներդրումներ չեն լինի, ու մեր հայրենակիցները չեն վերադառնա Հայաստան: Նոր խորհրդարանը եղավ, ներդրումներն ու մեր հայրենակիցները չեկան:
Փոխարենը, կապիտալն ակտիվ արտահոսում է Հայաստանից, մեր հայրենակիցները, ըստ պաշտոնական վիճակագրության, շարունակում են արտագաղթել, իսկ Հայաստանի բնակչության թիվը շարունակում է, ցավոք, նվազել: Միշտ այս օրինակն եմ բերել, հիմա էլ կրկնեմ:
Իր ժողովրդին սիրող առաջնորդը նրան չի խաբի` ապավինելով վերջինիս վատ տեղեկացվածությանը: Դա նման է այն ծնողին, որն իր հաշմանդամ երեխային ի ցույց է դնում բոլորին, փողոցում այդ կերպ գումար է հավաքում` իր ստամոքսը լցնելու համար: Հայաստանի տնտեսական զարգացման ու ներդրումային գրավչությանը խանգարող առանցքային պրոբլեմները ոչ մի տեղ չեն անհետացել:
Դրանք կան ու իրենց տեղում են` շուկայի փոքրություն, փակ սահմաններ, լոգիստիկայով պայմանավորված` ներմուծվող ու արտահանվող ապրանքների բարձր ինքնարժեք, ԵԱՏՄ-ի հետ ընդհանուր սահմանի բացակայություն, կախվածություն ոչ էժան էներգակիրներից և այլն: Այս ամենը կարելի է փոխհատուցել միայն խելքով, հմուտ կառավարմամբ ու օպերատիվ արդյունավետությամբ: Ի՞նչ ներդրումներ էր սպասում Նիկոլ Փաշինյանը:
Ներդրումները պահանջում են կայունություն, կանխատեսելիություն ու լռություն: Նիկոլ Փաշինյանն անկայուն է, անկանխատեսելի ու անդադար աղմկում է:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: