Ո՞վ կարող է նշանակվել ազգային հավաքականի մարզիչ
Հայաստանի ազգային հավաքականում կրկին փոփոխություններ են տեղի ունենում։ Եվրո-2020-ի նախընտրական փուլի 2 որոշիչ խաղերում միայն մեկ միավոր վաստակելուց հետո Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական տվեց։
«Մեկ տարի է՝ զբաղեցնում եմ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ Այս ընթացքում եղել են թե՛ ուրախության, թե՛ տխրության պահեր՝ կապված հավաքականի ելույթների հետ։ Ընտրական փուլը դեռ չի ավարտվել, բայց հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու բարդ որոշում եմ կայացրել, քանի որ չեմ կարողացել արդարացնել Հայաստանի հավաքականի երկրպագուների հույսերը՝ թիմին դուրս բերել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ։ Այժմ մեր հնարավորությունները միայն տեսական են, և, չնայած իմ առջև ի սկզբանե նման խնդիր չէր դրվել, միշտ զգացել եմ պատասխանատվությունը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինձ հետ այս հետաքրքիր ու բարդ ճանապարհն անցած մարզչական շտաբի ներկայացուցիչներին, բժշկական և սպասարկող անձնակազմին, ֆուտբոլիստներին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահին և ողջ աշխատակազմին, որոնք միշտ աջակցել և աշխատանքային լավ պայմաններ են ստեղծել։ Շնորհակալ եմ բոլոր այն երկրպագուներին, որոնք մեզ աջակցել են ամենաբարդ պահերին»,- հրաժարականից հետո նշել է Արմեն Գյուլբուդաղյանցը։
Գլխավոր մարզչի հրաժարականը ոչ միանշանակ ընդունվեց ֆուտբոլային հանրության կողմից։ Շատերն ասում էին, որ հրաժարականը տեղին էր, իսկ մյուս մասը պնդում էր, որ երկու անհաջող խաղի համար նման որոշում չպետք է կայացվեր։
Հիմա կրկին քննարկվում է, թե ով պետք է նշանակվի գլխավոր մարզիչ՝ հա՞յ, թե՞ արտասահմանցի, երիտասա՞րդ, թե՞ փորձառու։
Քննարկվող անունները, սակայն, դեռևս նույնն են՝ Վարդան Մինասյան, Ջիանի դե Բրիազի, Աբրահամ Խաշմանյան և այլք։
Կհամաձայնի՞ Վարդան Մինասյանը երրորդ անգամ վերադառնալ
Վարդան Մինասյանի՝ Հայաստանի հավաքականում անցկացրած հաջող շրջանը չի մոռացվում երկրպագուների կողմից, և ամեն անգամ, երբ հավաքականի մարզիչ ընտրելու հարց է բարձրանում, շատերը առաջարկում են հենց Մինասյանի թեկնածությունը։
Վարդան Մինասյանի մարզած Հայաստանի հավաքականը համարվում է վերջին տարիների լավագույններից մեկը: 2009 թվականի մարտին, երբ Յան Պոուլսենը հեռացավ Հայաստանի հավաքականից, Վարդան Մինասյանը դարձավ Հայաստանի հավաքականի մարզիչ: Նա աշխատեց հավաքականի հետ մինչև 2013 թվականը, իսկ հետո վերադարձավ նաև 2018 թվականին։
Մինասյանի նկատմամբ երկրպագուների վերաբերմունքը միշտ երկակի է եղել: Երկրպագուների մի մասը նշում է, որ Մինասյանը կարող է հավաքականին վերադարձնել երբեմնի մարզավիճակը, իսկ մյուս մասի կարծիքով՝ Մինասյանն արդեն իսկ արել է առավելագույնը հավաքականում:
Ինքը՝ Վարդան Մինասյանը, մեկ անգամ չէ, որ նշել է, որ չի ցանկանում վերադառնալ հավաքական:
Արթուր Պետրոսյան
Արթուր Պետրոսյանին հավաքականի երկրպագուները ևս ցանկանում են կրկին տեսնել գլխավոր մարզչի պաշտոնում։ Վարդան Մինասյանի նման, Պետրոսյանի հանդեպ վերաբերմունքը ևս երկակի է՝ մի մասը նրան համարում են լավագույններից, մյուս մասը՝ հակառակը։
Պետրոսյանը հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում աշխատել է 2016 թվականին և հեռացել է հավաքականի մի քանի անհաջող խաղերից հետո։
Աբրահամ Խաշմանյան
Վերջին 5 տարիներին ցանկացած հնարավոր դեպքում երկրպագուները և ֆուտբոլային գործիչները տալիս են Աբրահամ Խաշմանյանի անունը։ Հայկական ակումբային ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը, ով այս պահին գործազուրկ է, դիտարկվում է՝ որպես հավաքականը գլխավորելու ամենահավանական թեկնածու։
Աբրահամ Խաշմանյանը Հայաստանի Բարձրագույն առաջնությունում հաջողություններ էր գրանցում՝ ղեկավարելով «Ալաշկերտը», սակայն վերջերս կրկին հրաժարական է տվել։
Նախկինում նշվում էր, որ Խաշմանյանը խնդիրներ ունի Ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։
Ջանի դե Բրիազի
Կրկի՞ն նա՝ այո։ Այս մարզիչը ժամանակին տպավորել էր Ալբանիայի ազգային հավաքականում և այնտեղից հեռանալուց հետո պարբերաբար հայտնվում է հայ երկրպագուների և ֆուտբոլային գործիչների ուշադրության կենտրոնում։
Բրիազին Ալբանիայի հավաքականի հետ կարողացավ երրորդ տեղը գրավել խմբում՝ Եվրո 2016-ի նախընտրական փուլում: 2017 թվականին Բրիազին հայտարարեց, որ ժամանակն է հեռանալու, քանի որ ինքն ունի նոր մարտահրավերների կարիք:
Երբ 2018 թվականին Վարդան Մինասյանը հրաժարական էր տվել, խոսակցություններ էին պտտվում, որ Բրիազին ժամանել է Հայաստան և բանակցություններ է վարում Արթուր Վանեցյանի հետ։
«Ժամանակն է՝ նոր մարտահրավերներ փնտրել, դա բնական գործընթաց է: Ամեն ինչ ունի իր սկիզբն ու ավարտը»,- նշել էր դե Բրիազին Ալբանիայի հավաքականից հեռանալուց հետո:
Ստացվում է, որ մինչև այժմ Բրիազին դեռ չի գտել իր նշած նոր մարտահրավերները:
Արտասահմանցի մարզիչ
Արտասահմանցի մարզչի տարբերակը ևս շատ հաճախ է քննարկվում։ Չնայած, որ հավաքականը ժամանակին մարզել են տարբեր արտասահմանցի մարզիչներ և առանձնահատուկ լավ ցուցանիշներ չեն գրանցել (բացառությամբ լուսահոգի Յոն Պոտերֆիլդի), երկրպագուները դեռ սպասում են լավ արտասահմանցի մարզչի։
Հիմա Հայաստանի հավաքականի կազմում շատ են իսպանացի ներկայացուցիչները, երիտասարդական հավաքականը ևս մարզում է իսպանացի մարզիչ, ինչը հավանական է դարձնում ազգային հավաքականի մարզչի պաշտոնում արտասահմանցի մարզչի նշանակումը։
Սիրարփի Աղաբաբյան