Անվտանգության հարցերի և ֆլեշմոբի արանքում

Թերևս, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանի ներկայիս ներքաղաքական գունապնակը գործնականում չի արտացոլում թե՛ արդիականացման համահայկական անհրաժեշտության օրակարգից բխող պահանջները, թե՛ ընդհանրապես Հայաստանի հանրային կարիքները, անհրաժեշտություններն ու տրամադրությունը: ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, բացի անընդհատ հնչող բարձրագոչ հայտարարություններից, ուրիշ ոչ մի նյութական ու շոշափելի արդյունք չի արձանագրվել։

Անընդհատ հնչում են՝ «պետք է», «անհրաժեշտ է» և նման կրավորական հայտարարություններ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը մի դեպքում հրաժարվում է Արցախի խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա վերցնելուց՝ հայտարարելով, որ դա արցախցու խնդիրն է, մյուս դեպքում իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, որ, եթե «ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ», կամ, ասենք, հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։

Պարբերաբար ականատես ենք լինում, թե ինչպես է հանրային ուշադրությունը և հիմնական խնդիրները շեղելու նպատակով դիմում տարբեր մանիպուլյացիոն հնարքների, ասենք՝ մարզային շրջայցեր, որոնց ընթացքում փորձում է իբր իմիտացիա ստեղծել, որ «ժողովրդի հետ անմիջական շփվող գործիչ է», մտածում է հասարակ մարդկանց դարդ ու ցավի մասին, իսկ հարկ եղած դեպքում կարող է արհամարհել նույն ժողովրդի այս կամ այն սեգմենտի ներկայացուցչին՝ ինչպես բնորոշ է բոլոր ինքնահավան ու մեծամիտ չինովնիկներին։

Այսօր էլ ականատես եղանք նրա մտքի հերթական փայլատակմանը՝ սոցցանցում ֆլեշմոբ անցկացնելու կոչով է հանդես գալիս։ Այսինքն՝ մենք ներկայումս ունենք երկրի ղեկավար, որը երկրի բոլոր դարդ ու ցավը թողած, Ադրբեջանի անընդհատ հոխորտանքներին ոչ մի կերպ արձագանք չտալով ու անտեսելով, զբաղվում է քաղաքական խեղկատակությամբ։

Իրականում պետք է փաստենք, որ մոտավորապես նույն հռետորաբանությամբ են զբաղված նաև Փաշինյանի թիմի մյուս անդամները՝ իրենց «պողոսներով» վերցրած։

Հիմա՝ ի մասնավորի։

Նախ նշենք, որ վերջին օրերին բավական ակտիվություն են ցուցաբերում Փաշինյանի հետ վերջին շրջանում «սիրախաղ» սկսած «Սասնա ծռերը», որոնք առիթը բաց չեն թողնում և փորձում են ՀՀ քաղաքական դաշտում ինքնահաստատվել և «փակել» ազգային գաղափարախոսության գիծը՝ այս կերպ նրանք նպատակ ունեն իրենց շուրջ համախմբել հանրության որոշակի ազգային հատվածին։ Այս խմբավորումը, սակայն, մոռանում է, որ իրենք ներկայացնում են ոչ թե՝ ազգային ուժ, այլ՝ դասական ահաբեկչական խմբավորում։

«Ծռերի» կողմից անընդհատ շեշտվում է այն թեզը, թե «զարմանալի է՝ ինչո՞ւ են ազատության մեջ շարունակում մնալ նախկին ռեժիմի ներկայացուցիչները»։ Զավեշտալին այն է, որ սպառնալիքների ու սպանությունների մասին խոսում են  ահաբեկչական խմբավորման պարագլուխն ու ներկայացուցիչները, պարբերաբար բարձրաձայնում ազգային անվտանգության ու պետական ինստիտուտների կարևորության մասին։ Ակնհայտ է, որ տեռորիստներին հարկավոր է նոր արյուն ու զանգվածային դատավարություններ։ Տեղին է փաստել, որ «Ծռերի» թիրախում առանցքային տեղ են զբաղեցնում Արցախի իշխանությունները՝ այն համարելով «հակահեղափոխության որջ» (կարող ենք փաստել, որ ահաբեկիչների նման հոխորտանքների մեջ իրենց ուրույն տեղն ունեն նաև լրատվականները, որոնք պարբերաբար հարթակներ են տրամադրում նման մարդասպաններին՝ եթերից հայտարարություններ անելու համար)։

Նախօրեին Արցախի նախկին ԱԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը բավական կոշտ հայտարարությամբ էր հանդես եկել և քննադական շեշտադրությամբ թեզեր հնչեցրել Փաշինյանի և «Սասնա ծռերի» հասցեին։ Բալասանյանն ասել էր, թե այդ ահաբեկչական խմբավորումը երկրորդ հնարավորություն չի ստանալու, և Արցախի և հայոց պետականության նկատմամբ որևէ անհեռատես գործողություն կարող է հանգեցնել նրանց ֆիզիկական ոչնչացմանը։ Բալասանյանի հայտարարության հետ կապված մի զավեշտալի ու նաիվ գրառմամբ էր հանդես եկել ՀՀ գործող իշխանության հերթական անկենսագրություն պաշտոնյաներից  մեկը՝ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշել էր. «Վիտալի Բալասանյանն իրեն պահում է որպես խուլիգան, այլ ոչ թե Արցախի նախագահի թեկնածու: Ամեն անգամ Ստեփանակերտում Սերժ Սարգսյանի հետ խմբակային հանդիպումներից հետո Վիտալի Բալասանյանի մոտ սրացումներ են սկսում, որոնք ավելի շատ շեղումներ են հիշեցնում»: Հարգարժան պարոնը փոխարենը ամենօրյա ռեժիմով լծված լինի ՀՀ անվտանգության հարցերի լուծման հիմնախնդիրներով և համապատասխան քայլեր ձեռնարկի Ադրբեջանի կողմից յուրաքանչյուր զառանցանքին պատշաճ արձագանք ապահովելու համար, զբաղված է ներքին թշնամուն հայտնաբերելու իրենց մոլուցքով։

Երկրի անվտանգության պատասխանատուները զբաղվում են ֆեյսբուքամոլությամբ ու ֆլեշմոբերով, իսկ հակառակորդն անընդհատ խոսում է պատերազմի ու «իր տարածքների անհապաղ վերադարձի առաջնահերթության մասին»։ Ստացվում է, որ մեր բոլոր հարցերը սկսվում և ավարտվում են Ֆեյսբուքո՞ւմ․․․

Արմեն Հովասափյան

Հ.Գ. Ինչպես կասեր դասականը՝ մենք ֆլեշմոբի վերածելու հայրենիք չունենք։

Տեսանյութեր

Լրահոս