«Իրականացվելու են օրենքով սահմանված գործառույթներ». Գլխավոր դատախազը՝ խմբագիրներին ՔԿ հրավիրելու մասին
ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի մահվանից հետո որոշ լրատվամիջոցներ գրել էին, որ իրենց ունեցած տեղեկությունների համաձայն՝ Հ. Հարությունյանի վրա ճնշումներ են եղել «Մարտի 1»-ի գործով ցուցմունք տալու համար, այդ պատճառով էլ դիմել է ինքնասպանության։
Լուրը հրապարակող կայքերից երկուսի խմբագիրները երեկ 168.am-ի հետ զրույցում նշել էին, որ Քննչական կոմիտեից ծանուցագրեր են ստացել վկայություն տալու համար։ Նրանք նշել էին, որ չեն պատրաստվում բացահայտել իրենց աղբյուրը։
Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն անդրադառնալով հարցին՝ եթե լրագրողները չբացահայտեն իրենց աղբյուրը, ի՞նչ է լինելու, նշեց.
«Իրականացվելու է օրենքով սահմանված գործառույթներ։ Ի տարբերություն անբարեխիղճների, իրավապահ մարմինները որևէ պարագայում չեն կարող դրսևորել անբարեխղճություն և դուրս չեն գա օրենքի շրջանակներից։ Ցավոք, այս հարթությունում մենք դեռևս ապավինում ենք բարոյական նորմերին։ Բայց վստահ եմ, որ անհրաժեշտությունը նաև հանրային ընկալման մեջ կլինի, ինչը կբերի օրենսդրական ու իրավական լուրջ փոփոխությունների, որպեսզի չնստեն ու հորինեն և այդ հորինածը չտան լրատվամիջոցին, որի արդյունքում էլ թաքնվեն խոսքի ազատության իրավունքի տակ»,- շեշտեց Ա. Դավթյանը։
Զվարթ Խաչատրյան