Բաժիններ՝

Ծանուցագիրը ստացել են

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով հայտնում էր, որ գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն»՝ ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար:

Բանն այն է, որ այս երկու կայքերում առավոտյան տեղեկություններ էին հրապարակվել Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների հետ կապված, մասնավորապես, որ նա ճնշումների է ենթարկվել Մարտի 1-ի գործով, նրան պարտադրել են ցուցմունք տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գնդապետ Գեղամ Պետրոսյանի դեմ, ինչը աղմուկի տեղիք էր տվել համացանցում և ՔԿ-ն էլ որոշել է հրավիրել կայքերի խմբագիրներին՝ հարցաքննության։

168.am-ի հետ զրույցում armlur.am կայքի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ասաց, որ քիչ առաջ` ժամը 18։55-ին է ծանուցում ստացել վկայի կարգավիճակով վաղը Քննչական կոմիտեում հարցաքննվելու համար։ Ծանուցագիրը ստացել է առձեռն քննիչի կողմից։

«Վաղն առավոտյան սույն գործի շրջանակներում կմասնակցեմ հարցաքննության, սակայն աղբյուր, բնականաբար, չեմ բացահայտելու»,- ասաց Քնար Մանուկյանը։

Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանը ևս հաստատեց, որ ծանուցագիր է ստացել և չի պատրաստվում տեղեկատվության աղբյուրը բացահայտել։

ԳՈՀԱՐ ՍԱՎԶՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս