Բաժիններ՝

Գյուղնախարարությունն՝ ընդդեմ ցեցի

Գարնանից հանրապետության մշակովի տարածքներում տարածված ցեցը գյուղացուն հսկայական վնասներ է պատճառել: Այսօր մեր հավաստի աղբյուրներից տեղեկացանք, որ Արարատի մարզի ցեցով հիվանդ դաշտերը Գյուղնախարարության միջամտությամբ այրվելու են: 168am-ը զանգահարեց  Գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վահագն Մարտիրոսյանին՝ պարզելու, թե  արդյո՞ք Գյուղնախարարության մասնագետները վաղն այցելելու են Արարատի մարզ՝ ցեցի դեմ պայքարելու: Վահագն Մարտիրոսյանը մեզ հայտնեց. «Ցեցի դեմ պայքարը վաղուց է սկսվել: Պայքարելու ամենաէֆեկտիվ  միջոցն աշխարհը չունի: Մենք հիմա փորձեր ենք դնում և՛ փակ տարածքում, և՛ դրսերում, պարզելու, թե ցեցի դեմ որն է ավելի էֆեկտիվ գործում: Այդ գործողությունները ընթացքի մեջ են, վաղվանից թե մյուս օրվանի՞ց կսկսվի աշխատանքը՝ չգիտեմ, բայց կոնկրետ աշխատանքներ այդ ուղղությամբ տարվում են: Վատն այն է, որ հարսնյակավորման փուլում ցեցերը ոչինչ չեն ուտում, դրանց չես կարող թունավորել: Պետք է սպասել, որ այդ փուլն անցնի, որպեսզի հետո սկսեն սնվել և թունավորվեն»: Մեր այն հարցին, թե դաշտն այրելու միջոցով հնարավո՞ր է այդ հիվանդությունը վերջնականապես վերացնել հողամասերից, պարոն Մարտիրոսյանը պատասխանեց. «Դա դժվար է ասել: Դա վտանգավոր բան է, վերջին հաշվով՝ ջերմոցը չես կարող այրել»:

Ի դեպ, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, գյուղնախարարությունը վաղվանից պատրաստվում է ոստիկանների ուղեկցությամբ մեկնել Արարատի մարզ՝ գյուղացիներին ստիպելու, որպեսզի իրենց ցեցով հիվանդ տարածքներն այրեն: Վ. Մարտիրոսյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց այդ տեղեկությունը՝ խորհուրդ տալով դիմել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոնի» ներկայացուցիչ Մամիկոն Գասպարյանին, քանի որ խնդրով նա է զբաղվում։ Նշենք, որ երեկվանից փորձում ենք կապ հաստատել ինչպես Մ. Գասպարյանի, այնպես էլ ՀՀ գյուղնախարարության փոխնախարար Սամվել Գալստյանի հետ, ովքեր, սակայն, չեն պատասխանում մեր հեռախոսազանգերին:

Այդուհանդերձ, Վ. Մարտիրոսյանը հավաստիացնում է, որ ցեցն անպայման կբուժվի. «Եթե բուժումը ձգձգվում է, ապա՝ ոչ այն պատճառով, որ ուշադրություն չեն դարձնում, այլ այն պատճառով, որ դա բոլորովին նոր վտանգ է  աշխարհի և Հայաստանի համար: Մենք գիտենք, որ ագրոտեխնիկայի միջոցով, առանց քիմիայի օգտագործման, ցեցի դեմ պայքարել հնարավոր է: Հողը շրջելով՝ ցեցին թողնում ես հողի տակ, որ մնա ու սատկի: Բայց սա էֆեկտիվ միջոց չի, հիմա մերոնք էֆեկտիվ միջոցներ են փնտրում, և առաջիկայում այն իսպառ կվերացվի»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս