Իրավապաշտպանն ու փաստաբանը՝ Մարտի 1-ի իրադարձություններից տուժածներին տրվող փոխհատուցումների իրավական ու բարոյական կողմերի մասին

Առավոտից ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով, որ կառավարության նիստում որոշում կայացվի և բոլոր զոհվածներին հատկացվի 30 մլն դրամ:

«2008 թվականի մարտի մեկի զոհերի ընտանիքներին հատկացնելու են 30 մլն դրամ գումար։ Քավ լիցի, մենք մեր երեխաներին ուղարկել ենք բանակ՝ իրենց պարտքը կատարելու, բարի եղիր՝ որդեկորույս մայրերին պատասխան տուր, ո՞նց ես աթոռակռվի, փողոցային կռվի համար հիշում  30 մլն-ը, իսկ զոհվածի ընտանիքներին ասում ես՝ ոչ»,- լրագրողներին ասաց Կառավարության մոտ նստացույցի մասին հայտարարած Մարգարիտա Խաչատրյանը։

Զոհված զինծառայողների ընտանիքների պահանջն արդարացի է համարում «Իրավական ուղի» հ/կ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ ամենայն հարգանքով Մարտի 1-ի զոհերի հարազատների վշտի հանդեպ՝ կարծում է, որ անարդար մոտեցում կա.

«Հարգելով այդ մարդկանց վիշտը, հարգելով դժվարությունները, որ այս տարիներին անցել են, բայց կան նրանք, որոնք որ իրականում պետության զոհասեղանին են դրել իրենց զավակներին, տրամաբանական եմ համարում, որ նրանք անարդար են համարում այս տարբերակված մոտեցումը»:

Ռ. Մելիքյանը հավելեց, որ տպավորություն է, թե յուրայիններին է փոխհատուցում տրամադրում. «Եթե այս որոշումը կայացներ մի մարդ, որը որևէ առնչություն չուներ Մարտի 1-ի հետ, կարծում եմ, դա բարոյականության տեսանկյունից խոցելի չէր լինի»;

Փաստաբան Լուսինե Սահակյանը, սակայն, նշեց, որ, եթե փոխհատուցում ստանային ընտանիքները, ապա այն կարելի էր դիտարկել պետության պարտավորություն, և այդ տեսանկյունից՝ հասկանալի չէր լինի, թե ինչու այս փոխհատուցումը չի տրվում նաև զինծառայողների հարազատներին: Բայց երբ խոսում են իրավահաջորդներին տրվելիք փոխհատուցման մասին, փաստաբանն այստեղ անընդունելի նպատակներ է տեսնում, թե ինչու՝ նա փակագծերը չբացեց, քանի որ առնչվում է Մարտի 1-ի գործին: Լ. Սահակյանը միայն փոխհատուցման հասցեականության մասին կարևոր հիշեցում արեց. «Փոխհատուցում ստանալու են ոչ թե Մարտի 1-ին զոհվածների ընտանիքները և նաև տուժողները, այլև քրեական գործով ներգրավված իրավահաջորդները, սրանք երկու շատ տարբեր հասկացություններ են և երկու շատ տարբեր նպատակներ կարող են ունենալ:

Փոխհատուցում է ստանալու անձը, ով դատավարության ընթացքում որոշակի իրավունքներ ու պարտականություններ ունի, որը որոշակի հարցեր կարող է բարձրացնել կամ չբարձրացնել:

Ես սա համարում եմ շատ անընդունելի քայլ, և սրա նպատակներն ինձ համար անընդունելի են»:

168.am-ի հարցին, թե ասվածից կարելի՞ է ենթադրել, որ սա լռեցնելու փորձ է, փաստաբանը պատասխանեց. «Թողնում եմ յուրաքանչյուրին մտածելուն, թե ինչու»:

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս