«Մեր հանրությունը գիտի, որ այն ժամանակահատվածներում, երբ որ թե՛ զինվորները կամ  տարբեր անձինք եղել են հիվանդանոցներում, ես երբևիցե անտարբեր չեմ անցել». Սեյրան Օհանյան

«Ես պետք է պարզաբանեմ. ես այդ դրվագը չեմ հիշում: Կարծում եմ, որ մեր հանրությունը գիտի, որ այն ժամանակահատվածներում, երբ որ թե՛ զինվորները կամ  տարբեր անձինք եղել են հիվանդանոցներում, ես երբևիցե անտարբեր չեմ անցել:

Ինքն ասաց, որ քաղաքացիական հագուստով եմ եղել, բայց էն ժամանակ ես Գլխավոր շտաբի պետն էի, չեմ կարծում…»,- լրագրողների խնդրանքով անդրադառնալով դատական նիստին Մարտի 1-ի զոհերից սերժանտ Տիգրան Աբգարյանի մոր ելույթին՝ նշեց ՀՀ նախկին ՊՆ Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատական նիստի ընթացքում ելույթ ունեցավ նաև Մարտի 1-ի զոհերից սերժանտ Տիգրան Աբգարյանի մայրը՝ ասելով, թե իր որդուն ոչ ոք չի այցելել հիվանդանոցում. «Իմ որդին 40 օր վիզը կոտրած պառկած էր հիվանդանոցում: 40 օրում մի՞թե որևէ մեկը չկարողացավ գալ տեսնել՝ այդ զինվորը մեռե՞լ է, թե՞ սաղ: Որևէ մեկը չեկավ»:

Նա հիշեց նաև, որ այդ ժամանակ հիվանդանոցում տեսել է Սեյրան Օհանյանին, ով չի մտել իր որդու սենյակ, ապա հիշեց, որ Ս. Օհանյանը այցելության էր եկել իր հորը, ով նույն հիվանդանոցում է պառկած եղել:

«Չեմ հիշում, որ իմ հայրն այնտեղ պառկած լինի»,- ասաց Օհանյանը:

ՍԴ որոշմանն անդրադառնալով՝ նա նշեց, որ ընթերցել է և կողմ է ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների այն միջնորդությանը, որը կատարվեց այսօր  խափանման միջոցի փոփոխման համար. «Իրականում պետք է փոխվի, և ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»:

Հիշեցնենք, որ 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց Մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործի քննությունը, որով որպես մեղադրյալներ՝ անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովև և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս