Մեկնարկեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը. Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը մասնակցում են նիստին (ուղիղ)

Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում մեկնարկեց Մարտի 1-ի իրադարձությունների մասով հարուցված քրեական գործի քննությունը, որով որպես մեղադրյալներ՝ անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովև և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Այսօրվա դատական նիստում կքննվի նաև Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Սահմանադրական դատարանի՝ սեպտեմբերի 4-ի որոշումը կատարելու, այն է՝ պաշտոնաթող նախագահի խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին հարցը։

Դատարանի բակն այս պահին մարդաշատ է։ Շարունակվում են թե նախագահ Քոչարյանի աջակիցների, և թե հակառակորդների բողոքի ակցիաները։ Դրանք խաղաղ բնույթ են կրում. Լուրջ միջադեպեր չեն արձանագրվել առայժմ։

Դատական նիստերի դահլիճում են կողմերը, ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, քիչ առաջ եկան նաև նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ու ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ինչպես նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և նրանց փաստաբանները։

Դատական նիստերի դահլիճում է արդեն նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր փաստաբանական թիմով։

Նիստի մեկնարկին նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը վկաներին խնդրեց հեռանալ դահլիճից։

Դատավարության մասնակիցները նախագահող դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն չներկայացրին։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը թեև հայտարարեց, որ փաստեր ունի դատավոր Դանիբեկյանի անաչառության մասով կասկածներ հայտնելու, սակայն, քանի որ այսօր պետք է քննվի նախագահ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, իրենք այս փուլում դա չեն անի։

Գոհար Սավզյան

Տեսանյութեր

Լրահոս