«Մենք չենք պատրաստվում պարել Ջոնսոնի դուդուկի տակ». Քիր Ստարմեր
Լեյբորիստական կուսակցությունը սեպտեմբերի 4-ին չի պաշտպանի վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նախաձեռնությունը: Այդ մասին հայտարարել է «Brexit-ի հարցերով ստվերային նախարար» Քիր Ստարմերը:
«Մենք չենք պատրաստվում պարել Ջոնսոնի դուդուկի տակ: Մենք չենք քվեարկելու այսօր»,- ասել է Ստարմերը Sky News հեռուստաալիքի եթերում: Նա նաեւ նշել է, որ Ջոնսոնը, ի տարբերություն իր նախորդի՝ Թերեզա Մեյի, վստահություն չի վայելում խորհրդարանում, հատկապես հաջորդ շաբաթվանից խորհրդարանի աշխատանքը մինչեւ հոկտեմբերի 14-ը դադարեցնելու իր որոշումից հետո:
Սեպտեմբերի 3-ի երեկոյան Համայնքների պալատը ձայների մեծամասնությամբ քվեարկել է խորհրդարանի աշխատանքի օրակարգի փոփոխման օգտին եւ Համայնքների պալատին օժտել է Եվրամիությունից Բրիտանիայի դուրս գալն ավելի ուշ ժամկետ փոխադրելու մասին օրինագծի քննարկման իրավունքով: Քվեարկությունից հետո Բորիս Ջոնսոնը հայտարարել է վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու վճռականության մասին, եթե պատգամավորները քվեարկեն «բրեքսիթի» շուրջը բանակցությունները հետաձգելու օգտին:
«Ես ընտրություններ չեմ ցանկանում, բայց եթե սեպտեմբերի 4-ին պատգամավորները քվեարկեն բանակցությունները դադարեցնելու ու եւս մեկ անհեթեթ հետաձգման հասնելու օգտին, դա կլինի խնդիրը լուծելու միակ հնարավորությունը»,- հայտարարել է Ջոնսոնը:
Վերլուծաբանները նշում են, որ վաղաժամկետ ընտրությունները Ջոնսոնի եւ նրան լոյալ շրջապատի միակ հույսն են, քանի որ խորհրդարանում նրանց նկատմամբ ընդդիմության գերակշռությունն այժմ կազմում է 43 ձայն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: