ԲԴԽ նախագահն անթույլատրելի է համարում դատարանների շրջափակումը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի խոսքով՝ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում նախաքննական մարմնի կողմից իրականացրած խուզարկությունը  տվյալ մարմնի կողմից իր գործառույթի իրականացում է։ Այլ հարց է, թե այդ գործառույթն իրականացնելու ընթացքում ինչպիսի գործողություններ են եղել։

«ԲԴԽ-ն արդեն արձագանքել է և իր մտահոգությունն արտահայտել  առանձնասենյակի կապարակնքման և Դավիթ Գրիգորյանին թույլ չտալու, որպեսզի օգտվի իր աշխատասենյակից, դրա մասին արդեն տեղեկացրել ենք նախաքննական մարմնին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ռ. Վարդազարյանը։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի կոչով մայիսի 20-ին դատարանների մուտքերի շրջափակմանը և հարցին, թե ԲԴԽ նախագահն ինչպե՞ս կվերաբերվեր, եթե մեկ ամբողջ օր շրջափակեին ԲԴԽ շենքը և թույլ չտային ներս մտնել, նա պատասխանեց, որ սա գլոբալ հարց է։

«Կարծում եմ՝ արդարադատության նկատմամբ անթույլատրելի ու դատապարտելի  է ցանկացած ճնշում։ Դատարանի շրջափակումը, միտինգային, ամբոխային արդարադատությունն ինձ համար անհասկանալի ու անթույլատրելի է։

Օրինակ, երբ քննվում էր ՊՊԾ-ի գործը, մի խումբ անձինք կանգնած պաշտպանում էին այդ խմբին, իսկ մի խումբը նրանց դեմ էին, միշտ ասել եմ, որ սա ճնշում է  դատարանի վրա։ Վերջերս ԲԴԽ-ի մոտ էլ փորձել են միտինգի նման ինչ-որ բան կազմակերպել, կարծում եմ՝ այն դատավորը կամ դատարանը, որը կիրականացնի արդարադատություն՝ կախված դատարանի առջև կանգնած բողոքողների քանակից, հնչեցրած խոսքերից, ապա այդ դատավորը կլինի սխալ։ Դատավորը չպետք է արդարադատություն իրականացնի ամբոխի պահանջով, մենք 21-րդ դարում ենք, և Լինչի դատարանը և նմանատիպ մեխանիզմներն անթույլատրելի են»,- շեշտեց նա։

Ճշտող հարցին՝ անթույլատրելի է անգամ այն դեպքում, երբ այդ ամբոխին երկրի վարչապե՞տն է հորդորել փակել դատարանների մուտքերը, Ռուբեն Վարդազարյանը պատասխանեց, որ ցանկացած դատավոր չպետք է ճնշվի կամ արդարադատություն իրականացնի՝ կախված բողոքող ժողովրդի քանակից։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս