Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայոց մեծ եղեռնի հուշահամալիր է այցելել

2007թ. Ֆրանսիայի Հայ դատի 10-ից ավելի ներկայացուցիչներ այցելել էին Հայաստան, հանդիպումներ ունեցել ՀՀ նախագահի, վարչապետի հետ, այցելել Ծիծեռնակաբերդ՝ Եղեռնի հուշահամալիր, Ցեղասպանության տուն-թանգարան ինստիտուտ: Պատվիրակության կազմում էր նաև Ֆրանսիայի ներկայիս նախագահ Ֆրանսուա Օլանդը (Francois Hollande): Այդ ժամանակ նա ընդամենը Սոցիալիստական կուսակցության նախագահն էր: Հայաստան էր եկել ֆրանսիացի իր գործընկերների հետ`հայերի պատվիրակության հետ միասին:

«Ցեղասպանության տուն-թանգարան այցելելուց հետո նրա դեմքը փոխված էր: Իհարկե, դեռևս 1998թ.-ից Ֆրանսուա Օլանդը՝ շատ մոտ լինելով Հայ դատի անդամների հետ, հայ ժողովրդի խնդիրներին քաջատեղյակ էր, սակայն այդ օրը նա ամբողջությամբ կերպարանափոխված էր»,- 168.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Ֆրանսիայի Հայ դատի ներկայացուցիչներից՝ Վարդան Գաբրիելյանը (Vartan Kaprielian): Նրա խոսքով՝ Ցեղասպանության թանգարան այցելությունից հետո Օլանդի դեմքից կարելի էր նկատել, որ նա նույն մարդը չէ: Մի բան է՝ վկայություններով և գրականությամբ ծանոթանալ Հայոց ցեղասպանությանը, այլ բան է` գալ, տեսնել և հասկանալ այդ ապրումների իսկական էությունը: Ու մեր խնդրի էությունը հասկանալ ոչ միայն քաղաքական, այլև պատմական առումով:

«Այդ այցելությունը նրա համար շատ որոշիչ այցելություն էր»,- ասաց Վ. Գաբրիելյանը: Ըստ մեր հայրենակցի՝ Ֆրանսուա Օլանդը 15 և ավելի տարիներ Հայ դատի ներկայացուցիչների հետ կապ է ունեցել, և եղել են վստահելի գործընկերներ: Այդ էր պատճառը, որ ամբողջ Հայ դատը Ֆրանսիայի նախագահական ընտրություններում այս տարի պաշտպանեց հենց նրա թեկնածությունը և ամեն ինչ արեց, որպեսզի հենց Ֆ. Օլանդը դառնա Ֆրանսիայի նախագահ: Հայերը շատ ակտիվ էին քարոզարշավի և ողջ ընտրապայքարի ընթացքում: Օրինակ, հայազգի Մուրադ Փափազյանը ընտրարշավի ժամանակ միշտ Օլանդի կողքին է եղել:

«Մենք միասին էինք եկել Հայաստան, և սա, իհարկե, ինչ-որ իմաստով` բացառիկ այցելություն է և խորհրդանշական իմաստ ունի, քանի որ այցելություն է եղել Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, և այլն: Հայ դատի ներկայացուցիչներս հաճախ ենք եղել այդ մարդու կողքին և միշտ սերտ հարաբերության մեջ ենք եղել Ֆրանսուա Օլանդի հետ»,- ասաց Վարդան Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ այդ այցելությունը Ֆրանսիայի ներկայիս նախագահի առաջին և միակ այցելությունն է եղել Հայաստան: Այցելության ավարտին նա ասել էր, որ կրկին այցելելու է Հայաստան, սակայն արդեն կգա՝ որպես Ֆրանսիայի նախագահ:

Այս տարի ապրիլի 24-ին, երբ դեռ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի նախագահ չէր ընտրվել, Փարիզում՝ Հայ գաղութի առջև, Կոմիտասի արձանի մոտ ասել էր, որ ինքը պետք է լինի այն նախագահը, որը Ցեղասպանության 100-ամյակին իր հարգանքի տուրքը կմատուցի Հայաստանում:

Մեր զրուցակցի խոսքով՝ Ֆրանսուա Օլանդը դեռևս 1998թ.-ից ի վեր շատ գործեր է արել հայ ժողովրդի համար և երբեք այդ մասին չի բարձրաձայնել: Շատ բան չի խոստացել և շատ բան չի ցուցադրել, սակայն մշտապես շատ հստակ կեցվածք է ունեցել Հայ դատի պահանջների հետ կապված: «Նա չի արել ավելին, քան մենք խնդրել էինք, բայց այն, ինչ մենք խնդրել էինք, նա 100%-ով արել է»,- ասաց Վ. Գաբրիելյանը: Նրա խոսքով՝ հենց Ֆ. Օլանդի շնորհիվ էր, որ 2006թ.-ին քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հետագայում արդեն Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին է սկսում այդ հարցը քննարկման դնել, որին Ֆ. Օլանդը՝ որպես ընդդիմադիր, չի ընդդիմանում: «Ֆրանսիայում սովորությունն այսպես է, երբ իշխող կուսակցությունը մի բան է առաջարկում, ընդդիմադիր կուսակցությունը պետք է ընդդիմանա: Սակայն, այս դեպքում, Ֆ. Օլանդը ոչ միայն չի ընդդիմանում, այլև իր ամբողջ մարդկանց մեծամասնությամբ ստորագրում են, որպեսզի օրենքի համար քվեարկեն»,- ասաց Ֆրանսիայի Հայ դատի ներկայացուցիչը: Ըստ նրա՝ արդեն 10 տարուց ավելի է Ճանաչում ներկայիս նախագահին. և կարող է հաստատապես ասել, որ Ֆ. Օլանդն իր խոստումներին տեր կանգնող մարդ է:

Ըստ Վ. Գաբրիելյանի՝ Ֆրանսիայում Հայող ցեղասպանության ճանաչման խնդիրը սկսել է քննարկվել մասնավորապես հենց Ֆ. Օլանդի շնորհիվ, ով որպես կուսակցապետ՝ առաջ է քաշել այդ հարցը: «Իհարկե, դա տեղի է ունեցել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների շնորհիվ, բայց մասնավորապես՝ Սոցիալիստական կուսակցության ջանքերով և առաջադրությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչվեց Ֆրանսիայում: Նա անգամ նամակ էր գրել երկրի նախագահին՝ պահանջելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Իսկ այդպիսի բան այդ օրերին քիչ մարդիկ էին անում: Իսկ երբ 2004թ.-ին Թուրքիան սկսեց թակել Եվրամիության դռները և ցանկություն հայտնեց իր թեկնածությունը ներկայացնել, սոցիալիստները համաձայն էին Թուրքիայի մուտքին Եվրոպա, իսկ Ֆրանսուա Օլանդը՝ որպես սոցիալիստների ղեկավար, ասաց, որ ինքն էլ է համաձայն, սակայն ունի մի պայման, այն է` Թուրքիան նախքան Եվրամիություն մտնելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ եթե չի ճանաչում, ուրեմն Թուրքիան չունի Եվրոպայի մուտք,- պատմեց մեր հայրենակիցը: -Oրենքը, որ այս տարի մեծ աղմուկ բարձրացրեց, Ֆրանսիայի խորհրդարան մտցվեց 2006թ.-ին: Այն ժամանակ Ժակ Շիրակը նախագահն էր, իսկ Ֆրանսուա Օլանդը սոցիալիստական կուսակցության ղեկավարն էր, և նա մտցրեց, այսպես ասած, «Խորհրդարանական պատուհան»: Այդ ժամանակ Ֆ. Օլանդը քննարկման համար առաջադրեց հենց այս թեման»,- ասաց Վ. Գաբրիելյանը: Նա նաև նկատեց, որ երբ խորհրդարանում օրենքի քննարկումներն ավարտվեցին, և հասավ օրենքը քվեարկության հանձնելու պահը` խորհրդարանի նախագահը վազելով փախավ խորհրդարանից:

«Աներևակայելի երևույթ է սա խորհրդարանի կյանքի մեջ: Խորհրդարանի նախագահը նախագահ Շիրակի ներկայացուցիչն էր կամ նրա մարդն էր խորհրդարանում»,- ասաց Վ. Գաբրիելյանը: Դրանից հետո կրկին Ֆ. Օլանդի նախաձեռնությամբ օրինագիծը դրվում է քվեարկության: Այս անգամ արդեն 2006թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովում օրինագծի քվեարկությունը կայանում է, սակայն Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկեց՝ շնորհիվ Ֆրանսուա Օլանդի, սակայն դրանից հետո Սենատը 5 տարի հակաժողովրդական կեցվածք որդեգրեց և չքննարկեց օրինագիծը:

«Սենատը Սարկոզիի ձեռքին էր: Ընդհանրապես Ազգային ժողովի քվեարկությունից հետո մի քանի ամիս անց, կամ, եթե շատ օրենքներ կան քննարկության դրված, ապա գոնե 1 տարի հետո Սենատը պետք է ընդունի կամ չընդունի օրինագիծը, ամեն պարագայում պետք էր քննարկել և քվեարկել»,- ասաց Վ. Գաբրիելյանը՝ ավելացնելով, որ Սենատը չարեց այդ ամենը, և Ն. Սարկոզիի մարդիկ ուղղակի խափանեցին այդ օրենքի քվեարկությունը: Ըստ մեր զրուցակցի` Ֆրանսիայի Սենատն այդ ամենը չարեց մինչև այն պահը, երբ Ֆրանսուա Օլանդը Փարիզի արվարձաններից մեկում 2011թ. սեպտեմբերին, մի քաղաքում, որտեղ շատ հայություն կա, այս անգամ արդեն՝ որպես նախագահության թեկնածու, խոստացավ, որ այդ օրենքը որպես նախագահ կիրառելու է, և այն, ինչ Սարկոզին չի արել, ինքն անելու է:

«Այս ամենից մեկ օր առաջ Սենատն արդեն անցել էր ձախակողմյան՝ Ֆրանսուա Օլանդի կուսակցության կողմը, այլևս Սարկոզիին ոչինչ չէր մնում անելու. նա գալիս է Հայաստան և խոստանում նույնն անել: Եվ արեց, քանի որ առջևում ընտրություններն էին: Սարկոզին արեց այդ ամենը՝ մինչև վերջին պահը, մինչև Սահմանադրական խորհրդի այդ պահը, այդտեղ ինքը նորից խաղաց մեզ հետ»,- ասաց Վ. Գաբրիելյանը, ով համոզված է, որ աշնանն Օլանդը կնպաստի օրենքի ընդունմանը:

 

Տեսանյութեր

Լրահոս