Լարված իրավիճակ դատարանում. Դատավորը նախազգուշացրեց
Վերաքննիչ քրեական դատարանում մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով ներկայացված բողոքների քննությունը։
Սակայն ինչպես՝ նախորդ դատական նիստերի, այնպես էլ՝ այս նիստի ժամանակ պաշտպանական և մեղադրող կողմի միջև վեճ ծագեց:
Ըստ մեղադրող կողմի՝ Դատախազության, Ռ. Քոչարյանի պաշտպաններն անընդհատ միջնորդություններ են ներկայացնում, հանդես գալիս հայտարարություններով, պարզաբանումներ պահանջում, որի արդյունքում էլ բուն գործի քննությունն արհեստականորեն ձգձգվում է։
Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը հայտարարեց, որ մեղադրյալի պաշտպանը չի կարող պահանջել և դատարանից պարզաբանումներ ակնկալել տուժողի իրավահաջորդի իրավունքների և դրանց պաշտպանության ապահովման կապակցությամբ։
«Դատավարության բոլոր մասնակիցներին հորդորում եմ չմոռանալ, թե մենք ինչու ենք մասնակցում այս դատավարությանը, և չփորձեն դատավարությունը արհեստական մեկնաբանություններով ձգձգել»,- ասաց Գ. Բաղդասարյանը։
Դատախազի հայտարարությունն արժանացավ դատավարության մասնակիցների մի մասի ծափահարություններին, որից հետո դատավոր Արմեն Դանիելյանը կոչ արեց հարգել դատարանին և պահպանել լռություն։
Նախազգուշացումից հետո դատավորը կարգադրեց՝ եթե մեկ անգամ ևս դատավարության որևէ մասնակից խոսի, ապա նրան կարող են հեռացնել նիստերի դահլիճից։
Զվարթ Խաչատրյան