Բաժիններ՝

ԱՄՆ-ի դեմոկրատների առաջին հեռուստաբանավեճերին կկարողանան մասնակցել 20 քաղաքական գործիչներ

2020 թվականի նախագահական ընտրություններում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու առաջադրվելու հավակնորդների առաջին հեռուստաբանավեճերին մասնակցելու պայմաններն ամբողջությամբ կատարել է 14 մարդ:

Եվս վեցը դրանք կատարել են միայն մասնակիորեն: Այդ մասին հունիսի 12-ին հայտնել է Elections Central ինտերնետ-պորտալը, որը նյութեր Է զետեղում ընտրություններին նախապատրաստվելու վերաբերյալ:

Նրա տվյալներով՝ հունիսի 12-ի երեկոյան լրացել է Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեի կողմից սահմանված ժամկետը, որի ընթացքում հավակնորդները պետք է կատարեին հեռուստաբանավեճերին մասնակցելու պայմանները՝ նվիրատվություններ հավաքել առնվազն 20 նահանգների նվազագույնը 65 հազար ընտրողներից կամ երեք հարցումների արդյունքներով ստանալ ընտրողների գոնե 1 տոկոսի աջակցությունը:

Նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին հայտարարած 24 դեմոկրատ-հավակնորդներից 14-ը կատարել են այս երկու պայմանը, վեցը՝ դրանցից միայն մեկը՝ ըստ հարցման տվյալների՝ հասնելով աջակցության է տոկոսի մակարդակին: Եվս չորսը չեն համապատասխանում սահմանված չափանիշներին:

Հունիսի 26-27-ին Մայամիում անցկացվելիք առաջին հեռուստաբանավեճերին մասնակցելու համար երկու պայմանն էլ կատարած հավակնորդների թվում են՝ Վերմոնտի նահանգից սենատոր Բեռնի Սանդերսը, որը Հիլարի Քլինթոնի մրցակիցն էր 2016 թվականի ընտրություններում դեմոկրատներից թեկնածու առաջադրվելու համար, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, Սան-Անտոնիո քաղաքի (Տեխասի նահանգ) նախկին քաղաքագլուխ Ջուլիան Կաստրոն, որը Բարաք Օբամայի վարչակազմում զբաղեցնում էր բնակարանային շինարարության եւ քաղաքների զարգացման նախարարի պաշտոնը, Սաութ-Բենդ քաղաքի (Ինդիանայի նահանգ) քաղաքագլուխ Փիթ Բութեջաջը, Կալիֆոռնիայի նահանգից սենատոր Քամալա Հարիսը, Մասաչուսեթսից սենատոր Էլիզաբեթ Ուորենը, Մինեսոթայից սենատոր Էմի Քլոբուշարը, Նյու-Ջերսիից սենատոր Քորի Բուքերը եւ մի շարք քիչ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ:

Առաջին հեռուստաբանավեճերին մասնակցելու համար վիճակահանությունը կկայանա հունիսի 14-ին: Դրա արդյունքներով պարզ կդառնա, թե հավակնորդներից ով է մասնակցելու հունիսի 26-ի երեկոյան եւ ով՝ հունիսի 27-ի երեկոյան կայանալիք հեռուստաբանավեճերին: Դրանք սկսվելու են տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով 05:00-ին) եւ տեւելու են երկու ժամ: Հեռարձակումն իրականացնելու է NBC հեռուստաընկերությունը:

Դեմոկրատական կուսակցության Ազգային կոմիտեն մտադիր է ընդհանուր առմամբ անցկացնել հավակնորդների 12 հեռուստաբանավեճ: Դրանցից վեցը կկայանան դեռ մինչեւ ընթացիկ տարվա վերջը, եւս վեցը՝ 2020 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս