«Ամեն տեղից ելնողն Արցախ է քննադատում, հայհոյում, ո՞ւր ենք հասել». Գեղամ Մանուկյանը ներկայացավ  ոստիկանություն

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության ակտիվիստ Վարդան Հարությունյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ իր վրա հարձակում են գործել։

Գրառումից հետո ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ գործի հետ կապված բերման է ենթարկվել մեկ անձ։

Այսօր ՀՅԴ ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ Վ. Հարությունյանին ինքն է ծեծել, գնում է ոստիկանություն և ներկայանա իրավապահներին։

Արդեն Կենտրոնի ոստիկանությունում լրագրողների հետ զրույցում Գեղամ Մանուկյանն ասաց, որ ինքնակամ է ներկայացել իրավապահներին, իսկ ակտիվիստին ծեծելու պատճառը եղել է հետևյալը։

«Ամիսներ շարունակ մեր հանրության մեջ, հասարակական լայն շրջանակներ խոսում են, թե մինչև ո՞ւր կարող է հասնել այս անպարկեշտությունը, սեփական բառերին տիրություն չանելը։ Ցավոք, սա շատ հաճախ ուղղորդվում է և խրախուսվում։ Ես 18 տարեկան եմ եղել, իմ հազարավոր կուրսընկերների հետ Ազատության հրապարակում «միացում»  ենք վանկարկել, շատ իմ ընկերներ մարտի դաշտում են եղել, որ այսօր ինչ-որ կենսագրություն չունեցող, մանրախնդիր երիտասարդ իրեն թույլ տա Արցախը նվաստացնե՞լ։ Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև Սրբազանի հասցեին թուրքաբարո տերմիներ օգտագործի՞, ախր ադրբեջանցիներն են այդ բառերն օգտագործում»,- նշեց Գեղամ Մանուկյանը։

Նրա խոսքով՝ այս ամենի դեմ որևէ մեկը չի առնում, ավելին՝ խրախուսում են և նման մարդկանց անվանում ակտիվիստներ։ Նա հիշեցրեց ՀՅԴ անդամ Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը, երբ թոռների ներկայությամբ Օպերայի հարակից տարածքում հարձակվել էին նրա վրա։

Գեղամ Մանուկյանը տեղեկացրեց, որ բեման ենթարկվածի մասին մանրամասներ չգիտի, միայն գիտի, որ իրենց կուսակից ընկերներից է։

«Նա լավ երիտասարդ է, որն Ապրիլյան պատերազմի ժամանակ Դաշնակցության երիտասարդների շարքերում Թալիշի դիրքերում երկու ամիս մասնակցել  է մարտական հերթապահության»,- ասաց Գ. Մանուկյանը։

Հարցին՝ երիտասարդը միջադեպի հետ կապ ունի՞, նա պատասխանեց, որ ակտիվիստին ինքն է ծեծել և միայնակ է եղել։

Նա դժվարացավ ասել, հարուցված քրեական գործը կկարճվի՞, թե՞ ընթացք կստանա։
«Ամեն տեղից ելնողն Արցախ է քննադատում, հայհոյում, ո՞ւր ենք հասել»,- ընդգծեց Գ. Մանուկյանը։

Նշենք, որ ոստիկանությանը ներկայանալուց հետո Գեղամ Մանուկյանը լրագրողներին փոխանցեց, որ իրավապահներն ասել են՝ քննություն է ընթանում, և իրավական գործողություններն էլ երկար չեն տևի։

Ի դեպ, Գեղամ Մանուկյանից զատ, ևս մի քանի հոգի ներկայացել են իրավապահներին և նշել, որ իրենք են ծեծել ակտիվիստին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս