«Հայաստանում դավադիր ուժեր չկան, Հայաստանի միակ դավադիր թշնամին Ադրբեջանն է». Ադրբեջանագետը՝ վարչապետի հայտարարության մասին

Մայիս 27-30-ը տարածաշրջան կատարած այցի ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խումբը  Բաքվում հանդիպել էր նաև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ և այցի վերաբերյալ տարածել պաշտոնական հայտարարություն։

168.am-ը Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար, ադրբեջանագետ Գրիգորի Այվազյանից հետաքրքրվեց, թե հայկական կողմն ի՞նչ քայլեր է ձեռնարկում, որպեսզի Մինսկի խումբը հանդիպի նաև Ադրբեջանից բռնի տեղահանված ադրբեջանահայ համայնքի հետ։

Ըստ նրա, այս հարցը հայկական կողմից երբեք բավարար մակարդակով չի արծարծվել, ավելին՝ դիվանագիտական ֆորմուլաներով փորձել են շրջանցել հարցը՝ մտածելով, եթե խոսեն ադրբեջանահայ փախստականների մասին, Ադրբեջանն էլ առաջ կքաշի «ԼՂ ադրբեջանական համայնքի» հարցը։

«Այս հարցը մենք չբարձրացրեցինք, իսկ Ադրբեջանը բարձրացրեց և միշտ թեժ է պահում։ Այլ խնդիր է, որ մենք մինչև այժմ չենք գիտակցել այդ հարցի կարևորությունը։ Ադրբեջանը տարին երեք անգամ նշում է իբրև հայերի կողմից դավադրաբար տեղի ունեցած ցեղասպանության օրերը, իսկ Հայաստանում և Արցախում մինչև այսօր չեն ճանաչել ադրբեջանահայության ցեղասպանությունը։ Ադրբեջանահայերի հարցը բարձրացնելը ոչ թե ապրելակերպի, այլ ազգային անվտանգության հարց է, և անհնար է այն չօգտագործել»,- նշեց Գ. Այվազյանը և հորդորեց՝ քանի դեռ ուշ չէ, պետք է արծարծել այդ հարցը, հատկապես, որ ադրբեջանահայությունը կազմում է ՀՀ բնակչության 12 տոկոսը։

Ըստ նրա, Հայաստանում բազմիցս են դիմել Մինսկի խմբի համանախագահող երկրի դեսպանություններին՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի, որպեսզի Մինսկի խումբը հանդիպի նաև ադրբեջանահայ համայնքի հետ, սակայն որևէ արձագանք չի եղել։

Հաջորդ հարցին՝ Ադրբեջանն ինչպե՞ս կարող է օգտագործել ՀՀ վարչապետի հայտարարությունը, ըստ որի՝ Հայաստանում կան ուժեր, որոնք ցանկանում են դավադիր պատերազմ հրահրել, տարածքներ հանձնել և ամբողջ պատասխանատվությունը դնել Հայաստանի կառավարության վրա, արդյո՞ք այդ հայտարարությունը վտանգավոր չէ, Գրիգորի Այվազյանը պատասխանեց՝ Հայաստանում դավադիր ուժեր չկան, Հաայստանի միակ դավադիր թշնամին Ադրբեջանն է։

«Ցանկացած նման զեղումներ՝ լինի պատահական կամ ոչ պատահական, Ադրբեջանի սրտով է, այնտեղ ասում են, որ Հայաստանի և Արցախի միջև միասնականություն չկա։ Նման հայտարարություններն Ադրբեջանն օգտագործում է որպես քարոզչություն՝ ի շահ իրեն, որպեսզի ոգևորի Ադրբեջանին և կոտրի մեր միասնականությունը»,- ընդգծեց Գրիգորի Այվազյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս