Սանդրա Ռուլովսը պատրաստ է ոտքով ամբողջ Վրաստանը շրջել իշխանությունների դեմ պայքարելու համար
Զուգդիդի քաղաքագլխի թեկնածու, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, լույս մայիսի 20-ի գիշերը լրագրողներին հայտարարել է, որ մայիսի 19-ին կայացած ընտրություններում «Վրացական երազանք» կառավարող կուսակցությունից թեկնածու Գեգի Շենգելիայի հաղթանակի ճանաչման դեպքում ինքն «այլ պայքարի մեջ» կմտնի։
«Մեր բոլոր տվյալներով՝ Զուգդիդի քաղաքագլխի ընտրություններում ես եմ հաղթանակ տարել, բայց եթե իշխանությունները հաղթող հայտարարեն Գեգի Շենգելիային, ես «այլ պայքարի մեջ» կմտնեմ: Դա նշանակում է, որ ես պատրաստ եմ օլիգարխ Իվանիշվիլիի («Վրացական երազանք» կառավարող կուսակցության նախագահ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին) դեմ պայքարում զենք վերցնել ձեռքս՝ ժողովրդի ուժը: Ես ոտքով կշրջեմ ամբողջ երկիրը, եւ բոլոր նրանք, ովքեր կհավատան, որ այս երկիրը դեռ կարելի է փրկել, կմիանան այդ պայքարին»,-հայտարարել է Ռուլովսը՝ ելույթ ունենալով Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերում:
Մայիսի 19-ին Վրաստանի հինգ քաղաքներում անցկացվել են քաղաքագլուխների միջանկյալ ընտրություններ, ինչպես նաեւ մունիցիպալ ընտրութուններ՝ մի քանի շրջաններում եւ խորհրդարանի պատգամավորի ընտրություններ Թբիլիսիի Մթածմինդայի շրջանում:
Վրաստանի ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, Մթածմինդայի շրջանում կկայանա ընտրությունների երկրորդ փուլ, մնացած ընտրատարածքներում հաղթում են կառավարող կուսակցության թեկնածուները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: