«Հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ կհրաժարվեն դատավորի կարգավիճակից. նման բան, սակայն, տեղի չունեցավ»
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում խորհրդարանի, գործադիր, իրավապահ և այլ կառույցների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց, որ օրակարգում այլևս անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող խնդիր է։
Ն.Փաշինյանը նշեց, որ չնայած ամենաբարձր մակարդակով հայտարարվել է, որ կոռուպցիայի դեմ պայքարն առաջնահերթություն է, բայց դատական համակարգի նկատմամբ վստահության բացակայության պատճառով նաև քննչական մարմինների աշխատանքի արդյունավետությունն է տուժում, որովհետև քննչական մարմինները հաճախ աշխատում են այն կանխավարկածով, որ դատական համակարգը միևնույնն է՝ ջուրն է նետելու բոլոր բացահայտումները՝ հենց այդ նույն կոռուպցիոն համակարգի հետ ունեցած օրգանական կապի պատճառով։ Ըստ նրա՝ այս խնդիրները նոր չեն։
«Ես դա գիտակցել եմ վարչապետ ընտրվելու առաջին օրվանից, բայցևայնպես, հենվելով մեկ տարի առաջ տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության արժեքների վրա, համարել եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է նոր Հայաստանի կառուցմանը մասնակցելու, իր նպաստը բերելու հնարավորություն ունենա, այդ թվում՝ քաղաքական կամ իրավական ապաշխարության միջոցով, կոնկրետ քայլերով, ժողովրդի վստահությանն արժանանալու միջոցով։
Նաև հույս ունեի, որ բազմաթիվ դատավորներ, հասկանալով, որ իրենց նախորդ դատական գործունեությունը և արժեքային համակարգը անհամապատասխան են նոր Հայաստանի ձգտումներին և նրանց իրավունք չի տալիս վճիռներ կայացնել հանուն Հայաստանի Հանրապետության, կհրաժարվեն դատավորի կարգավիճակից։
Նման բան, սակայն, տեղի չունեցավ և դատական համակարգի ժողովրդական վստահության արժանանալու ընթացիկ հնարավորությունը համարում եմ այլևս սպառված։ Մենք չենք կարող հանդուրժել այլևս այս իրավիճակը, որովհետև, ինչպես ասացի, սա երկրի կայունության, բնականոն կյանքի և ազգային անվտանգության խնդիր է։
Սա նաև տնտեսական հետագա զարգացման խնդիր է, որովհետև անվստահելի դատական համակարգը ուղղակի խոչընդոտ է երկրի ներդրումային վիճակը բարելավելու հարցում։ Եվ ուրեմն, հարգելի՛ գործընկերներ, եկել է դատական համակարգում վիրահատական միջամտություններ իրականանցնելու ժամանակը»,- հայտարարեց վարչապետը։
Ըստ նրա՝ այդ գործընթացը պետք է արտահայտվի հետևյալով.
1. ՀՀ-ում գործող բոլոր դատավորները առանց բացառության պետք է ենթարկվեն, այսպես ասած, «vetting»-ի (խմբ. զտում, ֆիլտրացիա, վերագնահատում), այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության, անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։
2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։
3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավորներ, պետք է հրաժարական տան, այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։
4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է ՀՀ համար մենք պետք է 1-2 ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին այս ուղղությամբ մեր կատարած աշխատանքը։
5. Ազգային ժողովում պետք է տեղի ունենա օրենսդրական համապատասխան աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար։ Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականցնել սահմանարդական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին, եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև նման լուծումների։
«Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում։ Այս ողջ օրակարգը մենք երկար ժամանակ քննարկում ենք ՄԱԿ-ի, ԵԽ-ի, ԵՄ-ի, ԱՄՀ-ի, ՀԲ-ի ներկայացուցիչների հետ և, ես հույս ունեմ, մեր բոլոր միջազգային գործընկերները կկանգնեն Հայաստանի կողքին, որովհետև մեր ուզածը ոչ թե մի նոր խամաճիկային դատական համակարգ ունենալն է, այլ իրապես անկախ, իրապես օբյեկտիվ, իրապես իրավունքի գերակայության վրա հիմնված դատական համակարգ, որը համապատասխանում է քաղաքակիրթ աշխարհի առաջատար չափանիշներին։
Այս հարցում մենք պետք է լայնորեն համագործակցենք հայաստանյան քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների, փորձագիտական հանրության հետ»,- ասաց վարչապետը։