«Իմ ամենամեծ ցավը ոչ թե Խորենացու այդ հասցեում գտնվող շենքի պատն էր, այլ շենքն էր, որը քանդվեց». Արթուր Մեսչյան
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի խոսքով՝ մայրաքաղաքում ապօրինի շինարարությունների թիվը նվազել է։ Նա վստահեցրեց, որ, ինչպես քաղաքապետարանի համապատասխան վարչության աշխատակիցները, այնպես էլ վարչական շրջանների ղեկավարներն ուշադիր հետևում են, որպեսզի այս կամ այն համայնքում ապօրինի շինարարություն տեղի չունենա։
Երևանի գլխավոր ճարտարապետը բնակչությանը կոչ արեց չիրականացնել ապօրինի շինարարություն, առավել ևս՝ հողազավթում, հակառակ դեպքում պրոբլեմներ են ունենալու՝ սեփական ձեռքերով քանդելու են ապօրինի շինությունը։
Խոսելով Խորենացի 13 հասցեում գտնվող՝ նախկին Լուսավորության նախարարության շենքից, որը մարտի սկզբին սեփականատերը սկսել էր քանդել, Արթուր Մեսչյանը տեղեկացրեց՝ վատ նորություն ունի, շենքից ոչինչ չի մնացել, այն ամբողջովին քանդել են։
«Այժմ լուրջ աշխատանք է գնում, վերջապես ռեիստերը, որը որոշում է կառույցի արժեքը՝ հավաքվում է։ Կարծում եմ՝ ռեիստերը կազմելուց հետո բոլոր հուշարձանների և ոչ հուշարձանների ցուցակագրումը կբերի նրան, որ այժմ շատ ավելի զգույշ կլինեն նման հարցերի վերաբերյալ։ Իմ ամենամեծ ցավը ոչ թե Խորենացու այդ հասցեում գտնվող շենքի պատն էր, այլ շենքն էր, որը քանդվեց։ Երբ այն քանդում էին, այս աստիճան աղմուկ կա՞ր, քանի որ շենքն այնքան հեշտ ու շուտ քանդեցին, պատն էլ «ամոթի թիքան» էր»,- շեշտեց Ա. Մեսչյանը։
Նա անդրադարձավ նաև Մնջախաղի թատրոնին, նշելով, որ արդեն երկար տարիներ է, ինչ թատրոնն այս ու այն դահլիճներում է ներկայացումներ բեմադրում, որի պատճառը սեփական շենք չունենալն է։
«Եթե դուք գիտեք որևէ շենք, որը տեր չունի, առաջին հերթին՝ մեծ նվեր կանեմ։ Չկա, ազատ տարածք, դա ինչ-որ մեկից պետք է գնենք, բայց գնման գումարն ո՞վ պետք է տա, դա խնդիր է էլի»,- նշեց Արթուր Մեսչյանը։
Զվարթ Խաչատրյան