Ամերիկյան կողմը ՀՀ-ից ԱՄՆ բարձրաստիճան այցերի, հանդիպումների, այդ թվում՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին հստակ ամսաթվեր չի նշում

Ամերիկյան կողմը ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս գործընթացը ոգևորիչ է գնահատում։ Այս մասին այսօր ՀՀ-ում իր գործունեության ծրագրերի և ուղեգծերի մասին ելույթից առաջ լրագրողներին տված ճեպազրույցի ընթացքում դիրքորոշում հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Փաշինյան-Ալիև հաջորդ պաշտոնական հանդիպումը կայանալու է Միացյալ Նահանգներում։

Դեսպան Թրեյսին ասաց, որ ներկայումս չի կարող որևէ բան հայտարարել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափի շրջանակում ապագա հանդիպումների վերաբերյալ։ Սակայն դեսպանն ասաց, որ ոգևորված են գործընթացից, որի պատճառն այն է, որ ականատեսն են դարձել ղեկավարների՝ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի միջև որոշ դրական շփումների։

«Նրանց շփումների արդյունքներից մեկը, որին մենք ականատես ենք եղել, այն է, որ շփման գծում էականորեն նվազել է բռնությունը, և մենք կարծում ենք, որ նմանատիպ ազդանշաններն ու զարգացումները շատ ոգևորիչ են»,- ասաց դեսպան Թրեյսին։

Անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ կառավարության ղեկավարի հնարավոր բարձրաստիճան այցին և հանդիպումներին, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, դեսպան Թրեյսին ասաց, որ այդ մասով ներկայումս որևէ բան հայտարարել չի կարող։

«Կուզեի անդրադարձ կատարել անցյալ շաբաթ այստեղ գտնվող ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Քենթին, ով իր խոսքում նշեց, որ մեր հարաբերությունների խորությունը փոխադարձ այցերով չէ, որ գնահատվում է։ Անցած շաբաթ տեղի ունեցած երկխոսությունը, ԱՄՆ-ի ներկայացուցչական կազմով ժամանած պատվիրակությունը փաստում է մեր գործակցության, համատեղ աշխատանքի հարցում երկկողմ հանձնառության մասին»,- ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Տեսանյութեր

Լրահոս