Մետրոպոլիտենի նոր կայարանների և ճոպանուղու կառուցումը կիրականացվի կառուցապատողների միջոցով
Դեռևս հունվարին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել էր, որ Երևանի Աջափնյակ համայնքում կառուցվելու է մետրոյի երկու կայարան և ճոպանուղի:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արթուր Մեսչյանը տեղեկացրեց, որ հնարավորություն չունեն բյուջետային գումարներն օգտագործել և իրականություն դարձնել այդ երկու ծրագրերը, ավելին՝ աշխարհում չկան այնպիսի քաղաքներ, որտեղ մետրոպոլիտենի կայարաններ կառուցում են ոչ թե բյուջեի, այլ կառուցապատողների միջոցով:
«Մենք այդ քայլը կատարել ենք և հուսանք՝ սա մեզ մոտ կստացվի: Կարծում եմ՝ մինչև հաջորդ տարվա հունվար մենք կներկայացնենք նախագծային աշխատանքները և մյուս տարվա սկզբից կսկսվեն շինաշխատանքները: Կսկսենք կամուրջից, որի վրա կտեղավորենք կայարանը և հետագայում ինֆրաստրուկտուրան: Որ ասեմ հեշտ է՝ չէ, բարդ խնդիր է, անհրաժեշտ է ներգրավել տարբեր մասնագետների, որպեսզի քննարկենք մետրոպոլիտենի կայարանի կառուցման հետ կապված բոլոր նրբությունները»,- ասաց Արթուր Մեսչյանը:
Անդրադառնալով ճոպանուղուն, Երևանի գլխավոր ճարտարապետն ասաց, որ կառուցվելիք ճոպանուղու միջոցով ցանկանում են թեթևացնել Նոր Նորքի և Կենտրոնի տրանսպորտային կապը, որը կարող է բերել տրանսպորտային կոլապսի:
Նրա խոսքով՝ ճոպանուղու կապը լինելու է Նորքի 2-րդ զանգվածի հանրակացարանների տարածքից մինչև նախկին Պոլիտեխնիկ ինստիտուտ:
«Այս ծարգրի միջոցով մենք բավականին խնդիրներ կլուծենք, գոնե այս մեկ գծի մեջ: Հետագայում ծրագիրը կարող է ներառել մինչև «Հաղթանակի» զբոսայգու հատվածը, մեր սկզբնական խնդիրն այդ առաջին կապն է՝ Նորքից դեպի Կենտրոն»,- նշեց Արթուր Մեսչյանը:
Նա նաև հավելեց, որ ճոպանուղին ևս կառուցվում է ոչ բյուջետային միջոցներով, այս դեպքում ևս աշխատելու են կառուցապատողների հետ, որոնք կֆինանսավորեն ճոպանուղու կառուցման ծրագիրը:
«Հիմա, որ ճիշտն ասեմ, ավելի շատ զբաղվում ենք դիվանագիտությամբ, քան ճարտարապետությամբ, որովհետև կառուցապատողներին ներգրավել այս ծրագրում… բավականին բարդ խնդիրներ են: Կան արդյո՞ք կառուցապատողներ, որոնց հետ մենք աշխատում ենք, այո՛, կան, անունները դեռ չեմ ասի, մյուս հանդիպման ժամանակ այդ մասին ավելի մանրամասն կխոսենք»,- ընդգծեց Արթուր Մեսչյանը:
Զվարթ Խաչատրյան