Սպիտակ տունը և Կրեմլը հարաբերությունների վերաբեռնման հնարավորություն են տեսնում. The Washington Post
Սոչիում ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ Ռուսաստանի ղեկավարության բանակցությունների արդյունքը դարձավ այն, որ երկու կողմերն էլ մնացին իրենց կարծիքներին, սակայն ամերիկյան դիվանագիտության ղեկավարի այդ ուղեւորությունը Վաշինգտոնի վարչակազմի լուրջ փորձն է՝ վերաբեռնում սկսելու երկու երկրների հարաբերություններում: Մայիսի 14-ին The Washington Post թերթն այսպես Է մեկնաբանել ԱՄՆ-ի պետքարտուղարի բանակցությունները ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
«Իրանի, Վենեսուելայի եւ ԱՄՆ-ի ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցերի շուրջը Փոմպեոն եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը համատեղ մամուլի ասուլիսում խիստ հակադիր դիրքեր բռնեցին: Չնայած դրան, Փոմպեոյի առաջին ուղեւորությունը Ռուսաստան նախագահ Թրամփի վարչակազմի նոր լուրջ փորձն է՝ իր համար նոր նեցուկ գտնելու համաշխարհային ասպարեզում քաղաքական տեսակետից ամենավտանգավոր հարաբերություններում»,- համոզված է հրատարակությունը:
«Թրամփը տակավին նախընտրական արշավի ժամանակներից հնչեցնում էր գլոբալ մարտահրավերների հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու ցանկությունը, բայց նա այդպես էլ գործնականում չիրականացրեց այդ ցանկությունն ուժգին քաղաքական դիմադրության պատճառով: Այժմ, երբ ավարտվել է ընտրություններին Ռուսաստանի միջամտության կապակցությամբ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի հետաքննությունը, Սպիտակ տունը եւ Կրեմլը հնարավորություն են տեսնում հարաբերությունների վերաբեռնման համար»,- նշում է հրատարակությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: