Հերթական վոյաժները՝ մեծաքանակ պատվիրակությամբ, պետության հաշվին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ահռելի պատվիրակություն է մեկնել Լյուքսեմբուրգ։ Կազմում են Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, Զոհրաբ Մնացականյանը, վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը, վարչապետի օգնական Հրաչյա Թաշչյանը, մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, վարչապետի արարողակարգի մասնագետ Վահե Հակոբյանը, արարողակարգի բաժնի պետ Մանվել Ավետիսյանը, վարչապետի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, նույն վարչության գլխավոր մասնագետ Տիգրան Մեհրաբյանը, աշխատակազմի օպերատոր Կարեն Ազատյանը, ևս մեկ օպերատոր՝ Արման Շահինյանը, վարչապետի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու Հայարփի Հակոբյանը, և վարչապետի արարողակարգի բաժնի խորհրդական Սոֆյա Նավասարդյանը։
Հիշեցնենք, որ Հայարփի Հակոբյանը նաև Աննա Հակոբյանի օգնականն է, իսկ Սոֆյա Նավասարդյանը ժամանակին աղմուկ հանած «վարսավիրն» է, ում նշանակեցին օգնական, ապա հանրային աղմուկից հետո պաշտոնի անունը փոխեցին՝ դարձնելով արարողակարգային բաժնի խորհրդական։
Այս բոլոր անձինք մեկնել են «վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների», այսինքն՝ պետության հաշվին:
Ընդ որում, Զոհրաբ Մնացականյանը և Դավիթ Տեր-Մկրտչյանը՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին, Հակոբ Արշակյանը՝ ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին, Գևորգ Մովսեսյանը, Հովհաննես Վարդանյանը, Ղազար Ղազարյանը, Արթուր Գասպարյանը, Գարիկ Գրիգորյանը, Վահագն Աբգարյանը, Գրիգորի Առաքելյանը և Գագիկ Վանոյանը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
ԶԼՄ-ների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` ՀՀ 2019 թվականի պետբյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: Բայց այս ծախսերը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը պետք է կազմակերպի հատուկ ինքնաթիռի չվերթներ` 2019 թվականի մայիսի 12-ին՝ Երևան-Լյուքսեմբուրգ, մայիսի 13-ին՝ Բրյուսել-Տյումեն-Պեկին, իսկ մայիսի 16-ին՝ Պեկին-Ալմաթի-Երևան երթուղիներով։ Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը ևս կկատարվեն 2019 թ․ պետական բյուջեի հաշվին:
Արձանագրենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին հետ չեն պահում քննադատությունները, նա շարունակում է պետության հաշվին իր շրջագայությունները, այդ պատվիրակությունների մեջ ընդգրկելով նաև իր օգնականներին։
Նշենք, որ որպես կանոն պետության ղեկավարների աշխատանքային այցերի ժամանակ կանայք չեն ուղեկցում նրանց, բայց քանի որ տիկին Հակոբյանը, ինչպես մի առիթով բացատրեց, կարոտում է ամուսնուն, մեկնում է նրա հետ, որ գոնե ինքնաթիռում հասցնի շփվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: