Բաժիններ՝

Մայրը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկի պատին գրաֆիտիով պատկերել է որդու դիմանկարը. Այսօր ապրիլյան պատերազմի հերոս Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է

Այսօր 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ նահատակված հերոս, կապիտան Արգիշտի Գաբոյանի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 28 տարեկան։

Հերոսի մայրը՝ Հասմիկ Սարգսյանը, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ որդին դեռ մանկուց սիրում էր նշել ծննդյան օրերը։

«Արգիշտին բնավորությամբ շատ լուրջ էր, հանգիստ ու խստապահանջ, բայց ծննդյան օրերին սիրում էր անակնկալներ ստանալ, չնայած շատ զբաղված էր լինում, բայց ինքն էլ բոլորի ծննդյան օրերը լավ հիշում էր ու շնորհավորում։ Զոհվելուց մեկ տարի առաջ ծննդյան օրը բջջային հեռախոս էի ուղարկել Թալիշ, ինքն էլ որոշել էր ինձ անակնկալ անել՝ ծննդյանս օրն առանց զգուշացնելու եկել էր տուն»,- հիշում է հերոսի մայրը։

Այսօր տիկին Հասմիկն առավոտյան առաջինն է շնորհավորել որդու ծնունդը, ասում է՝ նրա ներկայությունը միշտ է զգում, առանձնանում է նրա սենյակում ու ժամերով խոսում հետը։ Արգիշտիի 28-ամյակի առթիվ էլ որոշել է անակնկալ անել, նույնիսկ ընտանիքի անդամները չգիտեն՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի շենքերից մեկի պատին գրաֆիտիով պատկերել է որդու դիմանկարը։ Համոզված է, որ այն Արգիշտիին դուր կգար։

«Արգիշտի զոհվելուց հետո երկու տարի շարունակ նրա ծննդյան օրը նշում էինք Թալիշում, այն տանը, որտեղ մի քանի տարի ապրել էր։ Սովորաբար փոքր կապոցներ էինք սարքում ու ուղարկում որդուս պահած հինգ պոստերը՝ իր դասակի տղաներին։ Այս տարի չստացվեց այդպես նշել։ Բայց այսօր նրա մարտական ընկերները կգան մեր տուն, հետո կգնանք թանգարան՝ Արգիշտիին նվիրված անկյուն, այնուհետև՝ դպրոց։ Որդուս շնորհավորելիս՝ միշտ մաղթում էի, որ ծով համբերություն ունենա, քանի որ շատ դժվար գործի էր, ու ինքն էլ բնավորությամբ անհամբեր էր, ուզում էր ամեն ինչ միանգամից անել։ Ասում էր՝ մամ, ամենալավ մաղթանքն է…»,- պատմում է Հասմիկ Սարգսյանը։

Հիշում է, երբ Արգիշտին վաշտի հրամանատար էր նշանակվել,  ոգևորվել էր, ծննդյան օրը որոշել էր ինքն իրեն նվել անել՝ աշխատասենյակի համար աթոռ էր գնել, դժվարությամբ, բայց այն տարել էր իր աշխատասենյակ։

«Զոհվելուց հետո աթոռը բերել ենք տուն, հիմա ուզում եմ Արգիշտիիս սենյակը վերանորոգել ու կահավորել այնպես, ինչպես ինքն էր իր աշխատասենյակը կահավորել…»:

Արգիշտին ծնվել է 1991 թվականի մայիսի 13-ին, Շիրակի մարզի Մեծ Մանթաշ գյուղում:

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ուսումն ավարտելուց հետո ծառայության էր մեկնել Արցախ՝ Թալիշ։ Ապրիլյան պատերազմի ժամանակ, զինվորների հետ միասին, կռվել է Թալիշի դիրքերում։ Մինչև ապրիլի 4-ն Արգիշտի Գաբոյանը պաշտպանել է Թալիշի իր դիրքը։

Իմանալով, որ գյումրեցի հրամանատար Հրաչ Գալստյանը զոհվել է, և մարմինը գտնվում է թշնամու կրակոցների տակ, գնացել է հրամանատարին օգնության, զինվորներին հրամայել է իր թիկունքը պահել, և ինքն առաջ նետվելով՝ փորձել է մարտի դաշտից դուրս բերել Հրաչ Գալստյանի դին, սակայն այդ ընթացքում զոհվել է հակառակորդի կրակահերթից։

Զոհվելուց հետո թշնամին հերոսի մարմինը գերեվարում է և հայկական կողմին է հանձնում միան ապրիլի 20-ին։

Արգիշտի Գաբոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, ԼՂՀ Նախագահի կողմից`«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ինչպես նաև ԼՂՀ` «Արիության համար» մեդալով։

Ի դեպ, 2014 թվականին ապրիլին Արգիշտի Գաբոյանը ՀՀ երրորդ նախագահի կողմից արժանացել է «Մարտական ծառայության» մեդալի՝ հակառակորդի դիվերսիոն խմբի ներթափանցումն իր դասակով կանխելու և ցուցաբերած խիզախության համար։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս