«ԱՄՆ-ում նախատեսվող հանդիպումը կլինի սկսված ԼՂ կարգավորման գործընթացի տրամաբանության մեջ՝ առանց էական բեկումնային արդյունքների»

ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Ջորջ Քենթը մեկնաբանել է ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հաջորդ հանդիպման կազմակերպման հարցը: Նա փոխանցել է, որ չի կարող ասել, թե կողմնորոշվել են հանդիպման անցկացման վայրի հարցում։

«Սակայն վստահ եղեք, որ ԱՄՆ-ը լուրջ է վերաբերվում իր պարտավորություններին։ Մենք ուզում ենք աջակցել գործընթացին, որը կհանգեցնի հակամարտության խաղաղ կարգավորման։ Շարունակում ենք հետամուտ լինել կողմերին օգնելու ձգտմանը հակամարտության խաղաղ լուծման հարցում»,- հայտարարել է նա լրագրողների հետ հանդիպմանը Բաքվում։ Քենթն ընդգծել է, որ ԱՄՆ-ը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, լուրջ է վերաբերվում իր պարտավորությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում։ «Ուրախ ենք, որ կողմերը հանդիպել են առաջնորդների և ԱԳ նախարարների մակարդակում։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շփման գծում լարվածության նվազեցման հարցում»,- ասել է Քենթը։

Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ուիլյամ Գիլմորն էր հայտարարել, որ ԱՄՆ-ը պատրաստ է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, և ներկայումս քննարկվում է դրա հնարավորությունը: Սակայն ադրբեջանական կողմն այս հրավերի մասին խոսում է շատ ավելի վաղուց ու շատ ավելի հաճախ։

Առաջին անգամ Վաշինգտոնի այդպիսի առաջարկի մասին հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը՝ ապրիլի 15-ին Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Լավրովի և Մինսկի խմբի համանախագահների ուղեկցությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո, որը չէր ողջունվել ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի կողմից, քանի որ, ըստ նրա՝ նման հանդիպումների մասին կողմերը տեղեկացնում են, երբ վերջնական համաձայնեցումներն արված են լինում։

Այնուամենայնիվ դատելով բարձրաստիճան անձանց հայտարարություններից, նման հանդիպման կազմակերպչական աշխատանքներն ընթացքի մեջ են, ուստի կարելի է ակնկալել, որ մոտ ապագայում նախարարները հանդիպում կունենան Միացյալ Նահանգներում։

Միաժամանակ, հաշվի առնելով ապրիլի 15-ին Մոսկվայում նախարարներ Մնացականյանի և Մամեդյարովի հանդիպման արդյունքները, դրան հաջորդած պաշտոնական մեկնաբանությունները, հայտնի չէ, թե բացի հումանիտար ծրագրերի իրականացման հարցից, շփման գծում տիրող իրավիճակը քննարկելու օրակարգից ինչ հարցեր են քննարկելու նախարարներն ամերիկյան հովանու ներքո՝ այն դեպքում, երբ, չնայած հայկական կողմը հերքեց, Ադրբեջանի ԱԳ նախարարը նշում է, որ քննարկվել են 2016 թվականի ռուսական առաջարկները, որոնք վերաբերում են բուն կարգավորմանը։

Մեզ հետ զրույցում ռազմական, քաղաքական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ առաջիկա հանդիպումը կլինի սկսված գործընթացի տրամաբանության մեջ՝ առանց էական բեկումնային արդյունքների, քանի որ կողմերը կարգավորելու համար չունեն քաղաքական կամք, իսկ քաղաքական կամքը ենթադրում է հավասարակշռված զիջումներ բոլոր կողմերի կողմից։ Իսկ այն, ինչ, ըստ նրա, տեղի է ունենում, էականորեն չի տարբերվում այն ամենից, ինչ տեղի է ունեցել այս հակամարտության կարգավորման գործընթացում երկար ժամանակ՝ դիրքորոշումների ճշգրտում, քննարկումներ կարգավորման շուրջ, սահմանին տիրող իրավիճակը հանդարտեցնելու մասին պայմանավորվածություններ՝ առանց զիջումների ցանկության։

«Կողմերի հայտարարություններից պարզ երևում է, որ չկա այդ ցանկությունը, բայց կա ցանկություն՝ չունենալ լարում շփման գծում, հայ-ադրբեջանական պետական սահմանին, բայց քանի որ այդ ցանկությունը միայն քիչ է սահմանին հարաբերական հանգստությունը շարունակելու համար՝ նախաձեռնվեց մարդասիրական օրակարգ։ Դրան զուգահեռ՝ կողմերից յուրաքանչյուրը, ինչպես նախկինում, ունի կարգավորման գործընթացի շարունակության իր պատկերացումը, խնդիրների քննարկման իր հերթականությունը և առաջնահերթությունները, դրանք ոչ մի կերպ չեն համընկնում, որից առաջանում են տարաձայնություններ հրապարակային և պաշտոնական հայտարարությունների շուրջ, քանի որ հանդիպումներից հրապարակայնացվում են քննարկումներ՝ ելնելով սուբյեկտիվ ընկալումներից, սեփական օրակարգից, որն էլ հերքվում է մյուս կողմի կողմից։

Շատ հաճախ այս պրոցեսն էլ դառնում է հակամարտության գոտում իրավիճակի սրման պատճառ։ Նոր հնարավորություններ դեռ չեմ տեսնում, չնայած հանդիպումներին՝ կան կոշտ դիրքորոշումներ։

Կողմերը շարունակում են նաև մեծ ուշադրություն հատկացնել ռազմական ոլորտին, այսինքն՝ չեն բացառում, որ կա նման վտանգ։ Ուստի, կարծում եմ, ստեղծված իրավիճակում բացարձակապես կարևոր չէ, թե որ համանախագահ երկիրն է կազմակերպում հանդիպում, համանախագահները գործում են միասնաբար։ Քաղաքական կամքի պարագայում հակամարտությունը կարող է կարգավորվել քննարկված փաթեթներից մեկով կամ նոր փաթեթով, և էական չէ, թե որ երկիրն այն կկազմի, քանի որ դրանում էական փոփոխություններ չեն լինի նախորդ փաթեթներից, ըստ իս»,- նման կարծիք հայտնեց փորձագետը։

Նա նշեց, որ հակամարտության գոտում եթե ոչ՝ այսօր, ապա՝ գուցե մի որոշ ժամանակ անց ավելի մեծ լինի պատերազմի վերսկսման վտանգը։

Բրիտանացի քաղաքական վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնի գնահատմամբ՝ տեղի է ունենում ակնկալիքներով առաջ մղվող գործընթաց, քանի որ այլ շարժիչ ուժ չկա այս պահին։ Ըստ նրա, Բաքուն ակնկալիքներ ունի ՀՀ-ում իշխանություն ստանձնած նոր մարդկանց դիրքորոշումներից, իսկ Երևանը գործընթացում է ճանաչում Բաքվի քաղաքականությունը, քանի որ մինչ այդ պրոցեսին մոտիկից ծանոթ չի եղել և չի առնչվել դրան։

«Կարծում եմ՝ Միացյալ Նահանգները պարիտետը պահպանելու համար ցանկանում է մոսկովյան հանդիպումից հետո հանդիպում նախաձեռնել Նահանգներում, սակայն բովանդակային առումով, ըստ իս, այն չի լինի այնպիսին, ինչպիսին մոսկովյանն էր, քանի որ ռուսական կողմը հակամարտության մանրամասներին և իրավիճակին ավելի ծանոթ է, քան կտրված ԱՄՆ-ը, որը դրան հետևում է համանախագահի, դեսպանի մակարդակով։ Ռուսաստանն ավելի բարձր մակարդակով է ներգրավված համանախագահությանը, ուստի, այո՛, կարող են լինել նաև կարգավորման փաթեթներ, որոնք կարող են ընդունելի լինել միայն ԵԱՀԿ ՄԽ մյուս համանախագահների հավանության պարագայում։

Նման հավանություն, ամենայն հավանականությամբ, եղել է նախկինում, այդ մասին եղել են ակնարկներ համանախագահների կողմից, որոշումը կողմերինն է՝ ընդունել դա կամ չընդունել։ Ներկայումս, կարծում եմ, կողմերը դեռ մանևրում են իրենց համար անցանկալի հարցերի և օրակարգի քննարկումներից»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս