Հայաստանում մեկնարկել է 857 հազ. եվրո արժողությամբ «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը
Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), ՀՀ կառավարության և տարբեր շահագրգիռ խմբերի ներկայացուցիչներն ապրիլի 30-ին մասնակցել են «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի մեկնարկային սեմինարին և քննարկել ծրագրի գերակայությունները և իրականացման համար անհրաժեշտ հաջորդ քայլերը։ Այս մասին տեղեկացրին ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանի գրասենյակից։
«2019թ․-ին Եվրոպական միությունը (ԵՄ) մեկնարկեց «ԵՄ-ն կլիմայի համար» նոր տարածաշրջանային նախաձեռնությունը՝ աջակցելու Արևելյան գործընկերության վեց երկրներին (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, և Ուկրաինա) մշակել և իրականացնել կլիմային առնչվող քաղաքականություն՝ հիմնվելով Կլիմայի փոփոխության մասին Փարիզի համաձայնագրի, ԵՄ-ի հետ ասոցացման և գործընկերության համաձայնագրերերի, Արևելյան գործընկերության «20 արդյունքներ մինչև 2020թ․» քաղաքականության նախաձեռնության, ինչպես նաև ՄԱԿ-ի 2030թ․-ի Կայուն զարգացման օրակարգի ներքո երկրների պարտավորությունների վրա։ 8,8 միլիոն եվրո ընդհանուր բյուջեով «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն օգնելու է երկրներին մշակել և իրականացնել հեռանկարային կլիմայական քաղաքականություն։
2019-2022թթ․-ի համար նախատեսված Հայաստանին հատկացվող ընդհանուր 857,000 եվրո ֆինանսավորմամբ, ծրագիրն աջակցելու է Փարիզի համաձայնագրով Ազգային մակարդակով սահմանված ներդրումների (ԱՄՍՆ) իրականացման պլանի և ճանապարհային քարտեզի մշակմանն ու կիրառմանը Հայաստանում։ Այն նաև նպաստելու է ԵՄ կլիմայի օրենսդրության հետ համապատասխանեցմանը, ոլորտային քաղաքականությունում կլիմայի փոփոխության հարցերի ներառմանը՝ նպաստելով Հայաստանի ցածր ածխածնային զարգացմանը։
«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրն աջակցելու է ՀՀ կառավարության նպատակներին՝ մշակելու երկրի թարմացված և հզորացված ԱՄՍՆ-ները մինչև այս տարվա ավարտը, ձգտելով լինել առավել հավակնոտ: «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը կներառի միջազգային օժանդակության առանցքային մեխանիզմները ԱՄՍՆ գործընկերության քարտեզագրման նախաձեռնության համատեքստում (ՀՀ-ն միացել է անցյալ տարի՝ https://ndcpartnership.org/): Մեկնարկելով այս նոր ծրագիրը՝ ԵՄ-ն ձգտում է ապահովել, որ գործընկեր երկրները, արդեն իսկ գտնվելով կլիմայի փոփոխության ազդեցության տակ, ունենան անհրաժեշտ կարողություններ հարմարվողականության բարձրացմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու համար», ասաց ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանոն:
«Հայաստանը ակտիվորեն հասցեագրում է կլիմայի փոփոխության հարցերը և վավերացրել է Փարիզի համաձայնագիրը։ Կառավարությունը մշակել է կլիմայի փոփոխության ազգային քաղաքականություն, որի արդյունքն է հանդիսացել մինչև 2030թ․-ը կլիմայի պետական քաղաքականության իրականացման հայեցակարգի ընդունումը, ազգային հարմարվողականության ռազմավարության և պլանի մշակումը և հաստատումը, և այլ միջացառումներ՝ երկրի դիմակայուն և կայուն զարգացմանը համահունչ։ Միջազգային գործընկերների, հատկապես ԵՄ-ն, ՄԱԶԾ-ի և զարգացման այլ գործընկերների աջակցությունն այս նվաճումներում ունեցել է առանցքային դեր։ Մենք ողջունում ենք «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի մեկնարկը, որը հիմնվելու է կլիմայական քաղաքականության ոլորտում մինչ այժմ ձեռք բերված նվաճումների վրա, միևնույն ժամանակ հասցեագրելով Հայսատանի համար կլիմայի փոփոխության ոլորտի ռազմավարություն և իրականացման ճանապարհային քարտեզ մշակելու առաջացող կարիքը», ասաց ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը։
«Որպես ՄԱԿ-ի համակարգում կլիմայական գործողությունների ամենախոշոր իրականացնող, ՄԱԶԾ-ն աշխատում է երկրների հետ՝ վերածելու իրենց նպատակները գործողությունների։ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող ClimaEast ծրագրից քաղված դասերի և հաջողված փորձի հիման վրա, ՄԱԶԾ-ն կօգնի բացահայտել կլիմայի մեղմման և հարմարվորղականության մոտեցումները՝ գործընկերներին ավելի լավ նախապատրաստելու, ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու և կլիմայի փոփոխության ազդեցությունները Հայաստանում մեղմելու նպատակով», ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։
«ԵՄ-ն կլիմայի համար» ծրագիրը հիմնվում է նախորդ և ընթացիկ ծրագրերի, գործընկերությունների և նախաձեռնությունների ընթացքում ձեռք բերված փորձի, ինչպես նաև տարածաշրջանի և երկրի մակարդակներում կլիմայական քաղաքականության մշակման և կառավարման ԵՄ-ի և ՄԱԶԾ-ի փորձառության վրա։
Եվրոպական միության անդամ երկրները որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոու-հաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահատվածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք` պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:
ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը գործընկերային կապեր է հաստատում հասարակության բոլոր խավերի ներկայացուցիչների հետ` զորակցելով պետություններին դիմակայելու ճգնաժամերին: ՄԱԶԾ-ն խթանում է նաև աճը, որ կոչված է բարելավելու յուրաքանչյուր անձի կյանքի որակը: Մնայուն ներկայություն ունենալով մոտ 170 երկրներում և տարածքներում` մենք համաշխարհային փորձ և տեղական լուծումներ ենք մատուցում` նպաստելով կյանքի բարելավմանը և աջակցելով կայուն պետականության ձևավորմանը: ՄԱԶԾ-ն hաստատվել է Հայաստանում 1993թ. մարտին և աջակցում է կառավարությանն իրականացնելու ազգային զարգացման առաջնահերթությունները, ինչպես նաև հասնելու Կայուն զարգացման նպատակներին»,- նշված է հաղորդագրության մեջ: