Ներքին Պտղնի գյուղում հրդեհի հետևանքով օրորոցի երեխան ծանր այրվածքներ է ստացել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունն ապրիլի 29-ին, ժամը 14:06-ին ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի 1-ին փակուղու տներից մեկում այրվում է օրորոց. կա տուժած: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով: Երկհարկանի տան (սեփականատեր՝ Պ.Կ.) 1-ին հարկի ննջասենյակում մասամբ այրվել են փայտե օրորոց, ներքնակ, ծածկոց, վերմակ և հատակի լինոլեում (մոտ 1 քմ): Պատահարի հետևանքով Ա.Հ.-ն (ծնված 2018 թ.) ստացել է այրվածքներ: Վերջինս քաղաքացիների ուժերով տեղափոխվել է «Արաբկիր» բժշկական համալիր, այնուհետև՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ: Բժիշկները Ա.Հ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը դեպքի վայրում տան բնակչուհի Մ.Կ.-ին (ծնված 1956 թ.), այնուհետև «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ-ում երեխայի հարազատներին ցուցաբերել է համապատասխան հոգեբանական աջակցություն: