«Հայկական կողմի ուղերձները պետք է հստակ ու հասկանալի լինեն ԵՄ-ի համար». փորձագետ
«ԵՄ-ն իր բոլոր գործընկերներին, այդ թվում և հատկապես՝ Արևելյան գործընկերություն ծրագրին մաս կազմող երկրների հետ ինդիվիդուալ փաթեթներ է բանակցում՝ նրանց քաղաքական հավակնությունների համաձայն, ինչպես դա եղավ նաև Հայաստանի Հանրապետության հետ։
Սրանք, ինչպես հայտնի է, երկկողմ փաստաթղթեր են և մշակվում են երկկողմ ձևաչափում, ուստի պաշտոնապես միայն երկու կողմերն են ներգրավված այդ բանակցություններում, և հենց այդ երկու կողմերի կոնսենսուսային մոտեցումն է տեղ գտնում համաձայնագրում, քանի որ դա այդ երկու կողմի համար ընդունելի համաձայնագիր պետք է դառնա։ Բայց քաղաքական հակամարտությունների վերաբերյալ ձևակերպումներում ԵՄ-ն բավականին զգուշավոր է»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասել է լեհ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով ԵՄ-Ադրբեջան գործընկերության նոր համաձայնագրում ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ադրբեջանամետ ձևակերպումների ներառման մասին տեղեկություններին։
Ըստ նրա, հասկանալի է, որ ցանկացած անտեղի ձևակերպում կարող է ունենալ անցանկալի հետևանքներ՝ ինչպես հակամարտության գոտում, այնպես էլ՝ քաղաքական առումով՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանը, որը ԵՄ-ի համար գործընկեր է, հակամարտության մյուս կողմն է։ «Այս հակամարտությանն անդրադառնալիս ԵՄ-ն սովորաբար հղում է կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարին և ձևակերպումներին, երեք հիմնարար սկզբունքներին։ Սա է ԵՄ-ի ընդունված աշխատաոճը»,- ասել է նա։
Իսկ եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրի խոսքով՝ դժվար է ենթադրել, թե ինչպիսի բովանդակություն կունենա այդ համաձայնագիրը, սակայն դրանում ԼՂ հակամարտությանը լինելու է պարզապես անդրադարձ, քանի որ համաձայնագիրն ընդհանուր առմամբ երկկողմ համագործակցության բովանդակության, սահմանների, ծրագրերի մասին է, իսկ ԼՂ հակամարտությամբ ԵՄ-ն չի զբաղվում, դրանով զբաղվում է միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ-ն, որի դիրքորոշումներն էլ ուղենիշային են սովորաբար եղել ԵՄ-ի համար.
«Չգիտեմ, թե արտահոսքերն այդ ձևակերպումների մասին որքանով են հիմնավոր։ Բայց հայկական դիվանագիտությունը կարող է ունենալ իր ազդեցությունը՝ հատկապես այս փուլում։ Հայկական կողմի ուղերձները պետք է հստակ ու հասկանալի լինեն ԵՄ-ի համար։ Չնայած ներքաղաքական ծանրաբեռնված օրակարգին՝ արտաքին օրակարգը պակաս կարևոր չէ, և որևէ հարցի կարևորություն չպետք է թերագնահատվի»։
Մյուս կողմից, ըստ նրա՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում ևս կա անդրադարձ, պաշտոնական բոլոր հանդիպումների ընթացքում ընդգծվում է ԵՄ-ի դիրքորոշումը, և այն որևէ մեկի համար գաղտնիք չէ:
«Կարծում եմ՝ ԵՄ-ն այդ մոտեցումներում արմատական փոփոխությունների չի կարող գնալ, սա զգայուն հարց է երկու կողմի համար էլ, և դա պետք է հաշվի առնվի։ Սպասենք համաձայնագրի բովանդակությանը»:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: