«Եվ այդ քրեակատարողական հիմնարկի ղեկավարը շարունակում է մնալ իր պաշտոնո՞ւմ». Փաշինյանը՝ Զեյնալյանին

ՀՀ արդարարադատության նախարար Արտակ Զեյնալյանը Կառավարության այսօրվա նիստում առաջարկեց փոփոխություններ կատարել Կառավարության 2001 թվականի 1019 որոշման մեջ, որով քրեակատարողական ծառայությանը կտրամադրվի ևս 30 հաստիքային միավոր, որոնք կհամալրեն ծառայության ապահովման պահպանության ստորաբաժանման կառուցվածքը և ամբողջությամբ կընդգրկվեն քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում իրականացվող ծառայություններում։
Ըստ նախարարի՝ այդ ամենը կբացառի արգելված իրերի փոխանցումը կամ փախուստի հնարավորությունները։

«Այս խնդիրն առավել ցայտուն արտահայտվում է քաղաքացիական առողջապահական բուժհաստատություններում սահմանված ժամանակավոր պահակային կետերում ծառայությունն իրականացնելիս։ Յուրաքանչյուր անձի համար անհրաժեշտ է  լինում երկու ծառայող, որոնք, ըստ օրենքի, պետք է ծառայությունն իրականացնեն երկու օր հանգստից հետո, սակայն ծառայողների քանակը քիչ է, ուստի հաճախ երկու օրվա փոխարեն՝ ընդունում են մեկ օր։ Այս պահին քաղաքացիական հաստատություններում բուժվում է 11 անձ, որոնց հսկում է քրեակատարողականի 6 ծառայող։ Դատախազությունը և Վերաքննիչ պալատն այս ամենի վերաբերյալ դիտողություններ կատարել են»,- նշեց Արտակ Զեյնալյանը։

Նա նաև հիշեցրեց, որ վերջերս քաղաքացիական հիվանդանոցում բուժվող դատապարտյալ էր փախուստի դիմել, որին կարողացել են արագ կրկին բերման ենթարկել։ Ավելին՝ հաճախ ոչ բավարար քանակով ծառայողների բացակայության դեպքերում  դատապարտյալին քաղաքացիական հիվանդանոցում փոխանցում են հոգեմետ դեղեր, արգելված իրեր։

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով հարցին, նշեց, որ նախորդ տարի ընդունած Կառավարության որոշման համաձայն՝ մինչև այս տարվա օգոստոսը չորս հիվանդանոցներում ստեղծվելու են քրեակատարողական հիվանդանոցներ՝ բոլոր լիցենզավորման կարգերին համապատասխան։

«Դրանք այն հիվանդանոցներն են, որոնք ունեն 500-ից ավելի մահճակալներ։ Մինչև 2020 թվականի օգոստոսը նման հիվանդանոցներ կստեղծվեն նաև մարզային երկու բուժհաստատություններում։ Աշխատանքային կարգով այս պահին Արդարադատության նախարարության հետ աշխատում ենք, այստեղ պարզապես առաջանալու է վերակահավորման խնդիր»,- շեշտեց Արսեն Թորոսյանը։

Արտակ Զեյնալյանը նաև տեղեկացրեց, որ, եթե կարողանան առաջիկայում բարձրացնել քրեակատարողական ծառայողների աշխատավարձերը, ապա կկարողանան նաև համալրել թափուր հաստիքները։

«Նախագծի քննարկումը կարող ենք մեկ շաբաթով հետաձգել և կատարել լրացուցիչ հիմնավորումներ»,- ասաց Արտակ Զեյնալյանը։

Վարչապետ Փաշինյանն էլ անդրադառնալով Արտակ Զեյնալյանի բարձրացրած հարցին՝ նկատեց, որ այսօր թմբկահարում են՝ ոչ առանց հիմքերի,  որ այսօր քրեակատարողական հիմնարկներում գերբեռնվածության խնդիրը վերացված է։

«Այն պարագայում, եթե նույն հաստիքացուցակով կրկնակի մեծ թվով կալանավորների հետ աշխատանքները կարողացել ենք իրականացնել։ Ասում ենք, որ կառավարման համակարգը պետք է արդյունավետ լինի, բայց ամեն անգամ 30 հաստիքներով  ավելացնելով՝ գնում ենք։ Այսօր քրեակատարողական հիմնարկներում շարունակում են լինել արտոնյալներ, այս հարցերը լուծված չեն, և պարտադիր չէ, որ վարչապետը գնա բոլոր տեղերը մտնի ու ասի՝ այս հարցերը լուծված չեն։ Ի՞նչ է նշանակում՝ քրեակատարողական հիմնարկում կան կալանավորներ, որոնց հանձնուքը չի ստուգվում, կարո՞ղ եք սա բացատրել, և այդ քրեակատարողական հիմնարկի ղեկավարը շարունակում է մնալ իր պաշտոնում»,- շեշտեց վարչապետը։

Ի պատասխան վարչապետի՝ Արտակ Զեյնալանը նկատեց, որ նման մարդիկ չկան, չնայած լինում են դեպքեր, երբ կալանավորների մոտ հայտնաբերում են արգելված իրեր, այդ թվում՝ հեռախոսներ։

 Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս