
«Հանգիստ եղեք, իմ որդին արդեն որոշումը կայացրել է». Նեյմարի հայր

Նեյմար դա Սիլվան՝ Նեյմարի հայրը և գործակալը, խոսել է իր որդու ապագայի մասին:
«Որդիս ՊՍԺ-ի հետ երկարատև պայմանագիր ունի: Հիմա դեռ միայն երկրորդ տարին է: Անգամ պայմանագրի կեսը չի անցել:
Պետք է հանգստություն պահպանեք: Գնալու մասին լուրերը միշտ կհայտնվեն, հնարավոր չէ, որ այլ ակումբներից մարդիկ չերազեն նման խաղացողի մասին, ինչպիսին Նեյմարն է:
Նեյմարը ցանկություն հայտնեց մնալ ՊՍԺ-ում երկու տարի առաջ, երբ ստորագրեց պայմանագիրը: Երկրպագուները կարող են հանգիստ քնել, այժմ Նեյմարը չի ցանկանում հեռանալ ՊՍԺ-ից: Հանգիստ եղեք, իմ որդին արդեն որոշում կայացրել է:
Նա ցանկանում է շարունակել խաղալ ՊՍԺ-ում և օգնել ակումբին նվաճել տիտղոսներ:
Կա 2 մարդ, որ խոսում է Նեյմարի անունից՝ ես ու որդիս: Մենք ոչ մի անգամ չենք խոսել այս մասին: Ինչ-որ մեկը երբևէ լսե՞լ է, որ մենք ինչ-որ բան ասենք այդ մասին: Ոչ:
Իհարկե, «Բարսելոնան» շատ լավ թիմ է: Մենք բոլորս երջանիկ էինք, երբ որդիս խաղում էր այնտեղ:
Պարզ է՝ երբ խոսվում է տրանսֆերների մասին, բոլորը հիշում են Նեյմարին: Հնարավոր չէ դադարեցնել խոսակցությունները նման ֆուտբոլիստի շուրջ:
Բայց պարզ է, որ սա սուտ է: Կատալոնական թիմի հետ ոչ ոք չի կապվել: Դա իրական չէ, իհարկե:
Բայց նման խոսակցությունները ծիծաղելի են, լրագրողները շատ զվարճալի են: Բայց այս ամենը մեզ շատ է շեղում»,- ասել է ֆուտբոլիստի հայրը:
Հիշեցնենք, որ AS-ի տեղեկություններով՝ բրազիլացին դեռևս ցանկանում է վերադառնալ իր նախկին ակումբ և ամեն կերպ փորձում է դա հասկացնել կատալոնացիների ղեկավարությանը: Կատալոնական ակումբին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Նեյմարը հաճախ զանգահարում է «Բարսելոնայի» ղեկավարությանը:
Սիրարփի Աղաբաբյան