American Airlines-ը մեկուկես ամսով երկարաձգեց Boeing-737 MAX ինքնաթիռների արգելքը
ԱՄՆ-ի American Airlines ավիաընկերությունը հայտարարել է, որ Boeing-737 MAX ինքնաթիռների օգտագործումից հրաժարվելու ժամկետը երկարաձգում է մինչեւ հունիսի 5-ը՝ ավելի վաղ պլանավորված ապրիլի 24-ի փոխարեն։
Ավիաընկերությունը տարածված հայտարարության մեջ խոստովանել է, որ այդ որոշումը կարող է հանգեցնել գոյություն ունեցող չվացուցակների թռիչքների խախտումների, քանի որ չեղարկման է ենթակա օրական մոտավորապես 90 չվերթ: Ներկայում American Airlines-ի տնօրինության տակ կա 24 Boeing-737 MAX հանրանավ:
Անցյալ շաբաթ Boeing կորպորացիան եւ ԱՄՆ-ի Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հայտնել են, որ ծրագրային ապահովման համակարգում, որը կարգավորում է ինքնաթիռի թռիչքի անկյունը, փոփոխություններ մտցնելու համար լրացուցիչ ժամանակ կպահանջվի, եւ, հետեւաբար, MAX ընտանքի հանրանավերի թռիչքների արգելքը նույնպես կարող է երկարաձգվել:
Այդ ընտանիքի ինքնաթիռների օգտագործումն ԱՄՆ-ում ամենուրեք եւ աշխարհի երկրների մեծ մասում արգելված է Ինդոնեզիայում եւ Եթովպիայում տեղի ունեցած երկու ավիաաղետներից հետո՝, հաղորդել է «Ինտերֆաքսը»: