Բաժիններ՝

«Ձեր մշակույթը, խոհանոցը ինձ շատ հարազատ է, ավելին՝ իմ քեռիներից մեկի կինը հայ է». Նատալյա Օրեյրո

Ուրուգվայցի հայտնի երգչուհի և դերասանուհի Նատալլա Օրեյրոն, ով  ապրիլի 7-ին մենահամերգով հանդես է գալու Երևանում, այսօր հանդիպել է լրագրողներին:

«Բարև Ձեզ, ինչպե՞ս եք»,- ներս մտնելով սրահ՝ հայերենով հարցրեց երգչուհին ու հավելեց, որ մի քանի բառ սովորել է, այդ թվում՝ «բարի երեկոն», որոնք կպարապի և վաղն ավելի լավ կարտաբերի:

«Վաղն արդեն հայիֆիկացված կլինեմ»,- կատակեց երգչուհին:

Նատալյա Օրեյրոն նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ ուրախ է ստեղծված հնարավորության համար:

Կարդացեք նաև

«Արգենտինայում հայկական մեծ համայնք կա, Ուրուգվայում՝ նույնպես: Ձեր մշակույթը ինձ շատ հարազատ է, ես անընդհատ լսել եմ Ձեր մշակույթի, պատմության, նույնիսկ խոհանոցի մասին: Ավելին՝ իմ քեռիներից մեկի կինը հայ է:

Ասեմ, որ իմ ընտանիքի համար ևս շատ կարևոր է այստեղ լինելը: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, երբ ժամանեցի Հայաստան՝ արդեն 12 համերգ տվել էի առանց դադարի, այնպես որ՝ ամբողջ օրը քնել էի, բայց որդիս ու ամուսինս ամբողջ քաղաքում պտտվել էին: Նրանք ինձ հայտնեցին, որ գնացել են նաև ամենահին տաճարը ու ինձ համար բերել էին չափազանց երկար հաց, որը կերանք ամբողջ գիշեր: Լավաշ էր, ամբողջ օրը ուտում էինք՝ չէր վերջանում: Կերել ենք նաև նուռ, որը շատ համեղ է»,- անկեղծացավ Նատալյա Օրեյրոն:

Երգչուհին խոսեց նաև «Վայրի հրեշտակում» իր խաղընկեր Ֆակունդո Արանայի մասին:

«Ֆակունդոյի հետ լավ ընկերներ ենք, մարտի 31-ին նրա ծննդյան օրն էր, ես էլ համերգի էի, բայց նրան զանգահարեցի այդ ընթացքում, ու հանդիսատեսը նույնպես ողջունեց նրան: Միշտ ասել եմ, որ այն երկրները, որտեղ այցելել եմ կամ այցելում եմ, ինքը նույնպես սիրված է, և ուրախ կլինեի, որ մեկ անգամ ինձ ուղեկցեր, որովհետև այսպես արդար չէ. երբեմն ստիպված եմ լինում ճամպրուկներ գնել՝ նվերները տեղավորելու համար: Այնպես որ, ինքը պետք է ինձ հետ ճամփորդի, որ լրացուցիչ ճամպրուկի գումարը վճարի»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է որևէ ֆիլմում նկարվելուն՝ դերասանուհին ընդգծեց՝ միշտ կա ևս մեկ նախագծում ընդգրկվելու հնարավորություն, բայց, քանի որ տարիներն անցնում են բոլորի համար, ապա պլանները պետք է համաձայնեցնեն իրականության հետ:

«Երբեմն պրոդյուսերները ձգտում են կրկնել այն հաջողությունը, որը 20 տարի առաջ է եղել, իսկ ես այն երջանիկ դերասանուհիներից եմ եղել, ով ֆիլմերում, հեռուստասերիալներում խաղացել է իր տարիքին համապատասխան դերեր: Կարծում եմ, եթե կրկին նկարվեմ, ապա միայն հասուն տարիքի կնոջ դերում, իսկ դա չի նշանակում, որ ֆիլմը զվարճալի ու հաճելի չի լինի: Բարձրաձայնվող խնդիրները պետք է լինեն հասուն մարդկանց, և ոչ՝ դեռահասներին վերաբերող»,- հավելեց Նատալյա Օրեյրոն:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս