Կծվահամ, տաք դեղը
Պատիճապղպեղը` Capsicum annuum, արդեն մի քանի հազարամյակ աճում է Հարավային եւ Կենտրոնական Ամերիկայի արեւադարձային գոտու բնական պայմաններում։ Ըստ բուսահնէաբանների` բնօրրանն է Կոլումբիան։ Այն Եվրոպա է բերվել դեռեւս 1493թ. Հայիթի կղզուց։ Մեր ժամանակներում մշակվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Որպես համեմունք են օգտագործվել արեւի տակ չորացրած սերմերից ազատված եւ փոշիացրած առավել կծվահամ կարմիր պղպեղի` Capsicum frutescens պտուղները։ Այս համեմունքն ունի նաեւ այլ անվանումներ -chillies, որը ացտեկների լեզվից թարգմանաբար նշանակում է` «կարմիր»։
– Կայենյան, որը համահունչ է Գվիանայի Կայենի նավահանգստին։
C. annuum եւ C.frutescens պղպեղները պատկանում են մորմազգիների (Solanaceae) ընտանիքին, տարբերվում են ալկալոիդ կապսաիցինի պարունակությամբ, որն ավելի բարձր է (frutescens) կծու կարմիր պղպեղում, կենտրոնացած է պտղի ներքին միջնապատերում։
C. frutescens տեսակը մշակվում է Մեքսիկայում, Թաիլանդում, Չինաստանում եւ մոտակա տարածքներում։ C. annuum տեսակի պտղամսում կապսաիցինի պարունակությունը մոտ 20 անգամ քիչ է, քան կծու պղպեղում։ Այս դեպքում ընդունված է խոսել բանջարանոցային պղպեղի կամ «պապրիկայի» մասին, որից նույնպես ստացվում է համեմունք։ Capsicum annuum պղպեղի քաղցր ենթատեսակներից մեկը կոչվում է «բուլղարական»։
Մորմազգիների ընտանիքին պատկանող պղպեղները բնական պայմաններում բազմամյա բույսեր են, մշակվող տեսակները` միամյա։ Բոլոր դեպքերում բույսը բազմանում է սերմերով։
Բարձրությունը` 40-70 սմ։ Ցողունը ուղղաձիգ է, ճյուղավորված։ Տերեւները երկարակոթուն են, 4-6 սմ երկարությամբ, երկարավուն, ձվաձեւ կամ էլիպսաձեւ։ Սպիտակ ծաղիկները աճում են տերեւածոցերից` միայնակ կամ զույգերով։ Բաժակաթերթի տերեւիկները, ծաղկաթերթերը եւ առէջքները հինգն են։
Պտուղը մսոտ է, բազմաթիվ սերմերով` սուր կոնաձեւից մինչեւ լոլիկանման։ Պտուղների գունապնակը մեծ է` կախված հասունացման աստիճանից, մշակման վայրից, տեսակից։ Մեծ մասամբ հավաքում են կանաչ, չհասունացած վիճակում։
Պարունակում է կարմիր ներկանյութ, որի մեջ կան մի շարք կարոտինային նյութեր` կապսանտին, լյուտեին, բետա-կարոտին, ֆսանթոֆիլ, եւ այլն։
Պղպեղի կծվության աստիճանը կապված է պարունակվող կապսաիցինի քանակի հետ, որը ըստ տարբեր հետազոտողների` կարող է կազմել ընդհանուր զանգվածի մինչեւ 0,5 տոկոսը։ Ըստ կծվության` պղպեղները դասակարգվում են տասնմեկ խմբերի` չեզոք, փափուկ, միջին, գոլ, տաք, ջերմ, ուժեղ, դաղող, այրող, «հրաբխային», «պայթուցիկ»։
Ամերիկացի քիմիկոս Ուիլբիր Սկովիլը կազմել է մի սանդղակ, որի օգնությամբ համեմատվում եւ դասակարգվում են տարբեր վայրերում մշակված պղպեղի համային որակները։ Հայաստանում մշակվող բանջարանոցային պղպեղի 100 գ մեջ պարունակվում է 2 մգ կարոտին, 0,67 մգ տոկոֆերոլներ (E), 250 մգ ասկորբինաթթու (C), 0,5 մգ պիրիդոքսին B6), 1 մգ նիացին (PP), 17 միկրոգրամ ֆոլացին (B9), ռուտին (P), B1 եւ B2 վիտամիններ (մոտ 0,1-ական մգ), 3 մկգ կոբալտ, 0,11 մգ պղինձ, 163 մգ կալիում, կիտրոնաթթու, խնձորաթթու, եւ այլն։ Պարունակվում են նաեւ 8,4 տոկոս շաքարներ, սպիտակուցներ, եթերային յուղեր, սապոնիններ։
Կծու պղպեղը չափավոր քանակով ընդունելու դեպքում լավացնում է ախորժակը եւ մարսողությունը, խթանում ստամոքսահյութի արտադրությունը։ Արտաքին ձեւով օգտագործում են որպես ցավազրկող, հակաբորբոքային միջոց` հոդացավի, արթրիտի դեպքում։
Արտադրվում եւ վաճառվում են ոգեթուրմ եւ քսուքներ` նախատեսված նեւրալգիայի, ռադիկուլիտի, միոզիտի դեպքում շփումներ կատարելու համար.
– քսուք` ցրտահարման դեմ,
– «Նիկոֆլեքս»` օգտագործվում է որպես սպորտային քսուք տարբեր բնույթի վնասվածքների դեմ։
Որպես հումք մթերում են պտուղները, որոնք հավաքում են հասունացած վիճակում։ Օգտագործում են թարմ վիճակում կամ չորացնում օդափոխվող ծածկի տակ։
Հնագույն ժամանակներից հայտնի է պղպեղի աֆրոդիզիակ հատկությունը։ Ժամանակակից բժշկությունը խորհուրդ է տալիս կծու պղպեղը` որպես օրգանիզմը տաքացնող, սրտի աշխատանքը լավացնող, անոթները մաքրող, հիպոտենզիվ միջոց։ Հատկապես ձմռանը կծու կարմիր պղպեղի չափավոր օգտագործումը զսպում է ախորժակը եւ կանխարգելում քաշի ավելացումը։ Հետաքրքիր լուծում են գտել ճապոնացիները, նրանք ավելացնում են «չիլի» պղպեղը շոկոլադի, տորթերի եւ այլ քաղցրավենիքների մեջ։ Նշվում է, որ այն արագացնում է նյութափոխանակությունը, եւ օրգանիզմում ավելի շատ ճարպ է այրվում։ Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են պղպեղի մեջ դիգիդրոկապսիատ անվանում ստացած նյութը` որը չունի այրող համ եւ հոտ։ Այս նյութը ի զորու է տրոհել քաղցկեղի բջիջները։
Զգուշացում։ Հայտնի է, որ պղպեղը հակացուցված է խոլեցիստիտի, ստամոքսաբորբի, խոցային հիվանդությունների դեպքում։
Երբեմն մարդը կարող է չիմանալ հիվանդության մասին, եւ կծու ուտեստի չարաշահման դեպքում հնարավոր է առաջանա ենթաստամոքսային գեղձի սուր բորբոքում։ Հատկապես պետք է զգուշանան տարեցները։
Կարեւոր է իմանալ, որ պղպեղ ուտելու հետեւանքով առաջացած քրտինքն ունի սուր, տհաճ հոտ։
Ժողովրդական բժշկությունը լայնորեն օգտագործում է կծու, կարմիր պղպեղը։
Մրսածություն. Բաժանեք թարմ, կարմիր կծու պղպեղը երկու հավասար մասերի։ Մեկ կտորն ընկղմեք եռման ջերմաստիճանի հասցրած 500 մլ կաթի մեջ։ Խմեք 200 մլ քնելուց առաջ` գոլ վիճակում, մնացածը` օրվա ընթացքում։
Այս դեղատոմսի մեջ պղպեղի կորիզը չի հեռացվում, քանի որ այն հագեցած է կապսաիցինով, խմելուց առաջ պետք է պարտադիր քամել։ Պղպեղի մյուս կեսը մանրացրեք, տեղավորեք գուլպաների մեջ եւ հագեք։
Ծանր հազ. Խառնեք 70 գ պղպեղը 700 գ մեղրի եւ 1 լ ջրի լուծույթի հետ, 15 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, 2 ժամ թրմեք ջերմապահում, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 3-4 անգամ։ Երկու օրվա չափաբաժինն է։
Արթրոզ. 5-10 (կախված կծվությունից) պղպեղ 10 օր թրմեք տաք տեղում 100 մլ բուսայուղի մեջ, քսեք ցավոտ տեղերին եւ փաթաթեք շալով։
– Կտրատեք 50 գ պղպեղ (սերմերի հետ), ավելացրեք հալվեի մեկ տերեւ, 1 ճ/գ չոր ծիծեռնախոտ (2 ճ/գ թարմ), 21 օր թրմեք 500 մլ օղու մեջ։ Հաճախակի թափահարեք տարան, քամեք։ Քսեք ցավոտ մասին, փաթաթեք շալով, պառկեք։ Արագորեն հանում է ցավը եւ իջեցնում այտուցները։
Լուծ, դիզենտերիա. 2 ճ/գ մանրացրած, չոր պղպեղը 14 օր թրմեք 100 մլ օղու մեջ։ Քամեք։ Խմեք 15-ական կաթիլ, օրը 3 անգամ` 50 մլ տաք ջրով, սնվելուց առաջ։
Դիզենտերիայի դեպքում շարունակեք 10-12 օր։ Պահպանեք համապատասխան սննդակարգ։
Աթերոսկլերոզ. Մեկ քառորդ թ/գ աղացած պղպեղը 1 ժամ թրմեք 100 մլ եռջրում, խմեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ, գոլ վիճակում։
Անքնություն. Խմեք քնելուց առաջ 1 ճ/գ պղպեղի թուրմ կամ 5-10 կաթիլ ոգեթուրմ (խորհուրդ են տալիս Ավստրալիայի, Թասմանյան համալսարանի գիտնականները)։
Գլխացավ. Քսեք պղպեղի յուղամզվածքը քիմքին (կետային)։
Առողջարար ուտեստ. Խառնեք 200 գ հեղուկ մեղր, 500 գ կարագ, 1 թ/գ աղացած պղպեղ։ Լավ խառնեք։ Պահեք սառնարանում։
Չիբան. Կտրեք պղպեղը, հեռացրեք միջնապատերը, դրեք վերքի վրա ներքին կողմով եւ ամրացրեք, պահեք 30-40 րոպե։ Շարունակեք` մինչեւ առաջանա արտադրություն։
Հերպես. Մշակեք վերքը պղպեղի յուղամզվածքով։
Ճարպոտ մաշկ. Ավելացրեք քսուքների, դիմակների մեջ 1-2 կաթիլ պղպեղի յուղամզվածք, ոգեթուրմ կամ ջրային թուրմ։
Պարոդոնտոզ. Ողողեք լնդերը պղպեղի թուրմով։
Մազերի վաղաժամ ճերմակելը կանխարգելող միջոց. Թրջեք բամբակե խծուծը պղպեղի ոգեթուրմի մեջ (տես` լուծ, դիզենտերիա դեղատոմսը), մերսեք գլխի մաշկը։ Կապեք գլուխը սրբիչով, պահեք 1 ժամ, լվացեք։ Կատարեք շաբաթը 1 անգամ։ Նպաստում է մազերի աճին, օգտակար է, եթե կա աղմուկ ականջներում։
Քաղցր պղպեղ
Կարմիր բանջարանոցային պղպեղի մի քանի տեսակներ մշակվում են Հայաստանում։ Այս բույսի կալորիականությունը ցածր է (26 կկալ 100 գ մեջ)։ Բացի վերը նշված օգտակար նյութերից, պարունակում է նաեւ երկաթ, ցինկ, յոդ, կալցիում, ֆոսֆոր, մագնիում։
Ամրացնում է նյարդային համակարգը, իջեցնում է ճնշումը, կարգավորում ստամոքսի եւ ենթաստամոքսային գեղձի կենսագործունեությունը, հեղուկացնում արյունը, կանխարգելում թրոմբի առաջացումը։
Քաղցր պղպեղը եւ դրա հյութը հակացուցված են ծանր ստենոկարդիայի, առիթմիայի, բարձր թթվայնության ստամոքսաբորբի դեպքում։
Բուժիչ նպատակով խորհուրդ են տալիս. Խմեք 10-30 մլ հյութ, օրը 2-3 անգամ` սնվելուց 15-20 րոպե առաջ, աստիճանաբար չափաբաժինը հասցրեք 100 մլ, օրը 2-3 անգամ։
Շագանակագեղձի բորբոքում. Խառնեք կարմիր քաղցր պղպեղի, գազարի, բազուկի, վարունգի թարմ հյութերը (1։1։1։1)։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ, սնվելուց առաջ։
Տաքդեղ սեւ – Piper nigra
Պղպեղազգիների ընտանիքի (Piperaceae) բույս է։ Հայրենիքը Հնդկաստանի Հարավ-Արեւմտյան ափամերձ, հնում Մալիխաբար կոչվող տարածքն է։ Կարեւոր է իմանալ, որ հին սանսկրիտ կոչվող լեզվում տաքդեղը կոչվել է «malicha», «bar»-ը արաբերեն նշանակում է` հող։
Մինչեւ 6 մետրի հասնող, մագլցող թուփ է, զարգանում է միայն շոգ եւ խոնավ կլիմայական պայմաններում` համապատասխան հենարան գտնելու դեպքում։ Բազմացնում են արմատային ճյուղավորումներից հատուկ հարմարեցված հողատարածքներում։ Սկսում է պտղաբերել երրորդ տարում, մեկ հասուն բույսից ստացվում է առավելագույնը 3500 գ բերք։ Հատապտուղները հավաքում են մինչեւ հասունանալը` երբ դրանք դեռ չեն կարմրել (կանաչ կամ դեղին են)։ Չորացնում են արեւի տակ եւ արդեն սեւացած հատիկները տեսակավորում ըստ որակի։
Եթե ձեզ հանդիպի բաց գույնի տաքդեղ, ապա չզարմանաք, պարզապես, մինչեւ աղալը, պտղի մակերեսից հեռացվել է սեւ թաղանթը։
Հայտնի է, որ սեւ տաքդեղը առավել տարածված համեմունք է։ Պարունակում է 2,5 տոկոս եթերային յուղեր, 5-9 տոկոս ալկալոիդ պիպերին, բուսախեժ, օսլա, քոլին, ացետիլքոլին։
Կարգավորում է մարսողությունը եւ վահանաձեւ գեղձի գործունեությունը, ունի հիպոտենզիվ, հակաբորբոքային, ցավազրկող հատկություն։
Օգտագործվում է ցածր թթվայնությամբ ստամոքսաբորբի, փորկապության, մրսածության դեպքում։
Թուրմ. Տաքդեղի 4-5 հատիկ թրմեք 20 մլ եռջրում, քամեք։ Խմեք 60-70 մլ, օրը 2-3 անգամ, սնվելուց առաջ։
Կլիմաքս. Սեւ տաքդեղը պարունակում է ֆիտոէստրոգեններ, որոնք անհրաժեշտ են դաշտանադադարի տարիքում գտնվող կանանց։
– Մանրացրեք 7 հատիկ, ծեծեք հավանգի մեջ, մինչեւ փոշիանա։ Անմիջապես լուծեք 30-40 C ջերմաստիճանի տակ` հեղուկացրած 1 թ/գ մեղրի մեջ, եւ խմեք գոլ ջրի հետ, սնվելուց 30-40 րոպե առաջ։ Ընդունման ժամկետները եւ նպատակահարմարությունը համաձայնեցրեք բժշկի հետ։
Ստամոքսի խանգարում. Կերեք 2-3 հատիկ սեւ տաքդեղ։ Ունի արագ ներգործություն։
Կարեւոր է իմանալ, որ սեւ տաքդեղը հակացուցված է ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցերի, սուր երիկամաբորբի եւ միզապարկի բորբոքման դեպքում։