«Ըստ էության, Ալիևը «մարսեց» 2016 թվականի ապրիլյան պատերազմը». Արա Պապյանը՝ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին

«Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարի հետ հանդիպումների ընթացքում և առհասարակ, Հայաստանը պետք է ավելի հաստատակամ լինի Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների մասին հիշտակելու հարցում։

«Պետք է հիշենք, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակցությունները կսկսի միայն այն դեպքում, երբ վերականգնվի նախաապրիլյան վիճակը, այդ թվում՝ տարածքների հարցով։ Այսօր ստացվում է, որ Ադրբեջանը երեք տարի առաջ՝ խախտելով Բիշքեկի զինադադարը, հարձակվել և տարածքներ է գրավել, և, ցավոք, այսօր դրա պատասխանատվության մասին խոսք չկա։

Հիմա մենք հերթական անգամ գնում ենք ավելի կառուցողական երևալու համար։ Վստահ եմ, որ հաջորդ հանդիպումների ժամանակ Ալիևն իր դիրքորոշումը կոշտացնելու է, քանի որ նրա խնդիրն էր՝ արձանագրել պաշտոնական բանակցություններ՝ չանդրադառնալով նախկին պայմանավորվածություններին, այդ թվում՝ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին, ինչը տեղի ունեցավ։

Այսինքն՝ ըստ էության,  Ալիևը «մարսեց» 2016 թվականի ապրիլյան պատերազմը, և վստահ եմ, որ այսուհետև խստացնելու է իր հռետորաբանությունը երկրի ներսում, և բանակցությունների ժամանակ այդ ամենը կերևա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արա Պապյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպմանը չի արծարծվել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին։

Արա Պապյանն արձանագրեց, որ հայկական կողմի համար բանակցությունները, ցավոք, դարձել են նպատակ։ Նրա կարծիքով՝ այդ հանդիպումների ընթացքում ամենակարևորն հարցը պետք է լինի այն, թե արդյոք Մադրիդյան սկզբունքները լուծո՞ւմ են Արցախի հակամարտությունը, թե ՞ոչ։

«Եթե վերցնենք անգամ նվազագույն երկու չափորոշիչները, որոնց մասին արտգործնախարար Մնացականյանը պարբերաբար խոսում է, դա Արցախի անվտանգությունն է ու կարգավիճակը, թեև անորոշ է, թե ինչ է նշանակում՝ կարգավիճակ, բայց արդյո՞ք, երբ իրականացնում են Մադրիդյան սկզբունքները՝ հանձնում 7 շրջաններ և թողնում նեղ միջանցք միջազգային վերահսկողության տակ, լուծվում է անվտանգության հարցը։ Կարծում եմ՝ հակառակը, դրանով հայկական կողմն ավելի է խորացնում իր խոցելիությունը։ Մյուսը՝ դրանով կարգավիճակի հարց չի լուծվում, քանի որ ադրբեջանական կողմից շահագրգռությունն այդ դեպքում ավելի է նվազելու, որովհետև հայկական կողմը կորցնելու է լծակ։

Մադրիդյան սկզբունքները հարցի լուծում չեն բերելու, դրանք սկզբունքորեն պետք է փոխել, այսինքն՝ «Տարածքներ՝ կարգավիճակի դիմաց» սկզբունքն արդեն 25 տարի չի գործում։ Այն ժամանակ այս սկզբունքն առաջ քաշելով՝ մտածում էին, որ տարիներ կանցնի, պատերազմի ցավը կմեղմանա, և համակեցության խնդիր կլուծեն, բայց այսօր հակառակն ենք տեսնում՝ ադրբեջանական հասարակության շրջանում հայերի նկատմամբ ատելությունը շատ ավելի խորացած է, քան 1988-89 թվականներին էր»,- ասաց քաղաքագետը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս