Լուվրն առավել մեծ ժողովրդականություն վայելող թանգարանն է աշխարհում
Աշխարհի առավել մեծ հաճախելիություն ունեցող թանգարանների վարկանիշում առաջին տեղն զբաղեցրել է Լուվրը (Փարիզ, Ֆրանսիա), որն անցյալ տարի ընդունել է ավելի քան 10 մլն մարդու: Այդ մասին հայտնել է The Art Newspaper-ը:
Հրատարակությունը նշում է, որ 26 տոկոսով հաճախելիության աճի պատճառներից մեկը դարձել են կատարողներ Բեյոսեի եւ Jay-Z-ի երաժշտական հոլովակի նկարահանումները Լուվրում: Երկրորդ տեղում հայտնվել է Չինաստանի ազգային թանգարանը (Պեկին), երրորդում՝ Մետրոպոլիտեն թանգարանն է (Նյու Յորք, ԱՄՆ):
Հնգյակը եզրափակել են Վատիկանի թանգարանը եւ Թեյթ ժամանակակից պատկերասրահը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա): Ընդսմին ուշագրավ է, որ վերջինս նմանօրինակ վարկանիշերում առաջին անգամ առաջ է անցել Բրիտանական թանգարանից, որը հայտնվել է վեցերորդ հորիզոնականում:
Տասնյակում տեղ են գտել նաեւ Լոնդոնի ազգային պատկերասրահը, Արվեստների ազգային պատկերասրահը (Վաշինգտոն, ԱՄՆ), Պետական Էրմիտաժը (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) եւ Վիկտորիայի ու Ալբերտի թանգարանը (Լոնդոն, Մեծ Բրիտանիա), հաղորդել է ՌԻԱ Նովոստին: