«Ինչո՞ւ Հայաստանում չի ապահովվում 600 հազար գլուխ ոչխար». Նիկոլ Փաշինյան
Այսօր խորհրդարանում ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Տավուշի մարզում շուրջ 1500 գլուխ խոզի անկման համար։
«Միայն Կոթի գյուղում մոտ 300 գլուխ խոզ ենթարկվել է ոչնչացման, գյուղացին իր ձեռքով փոս է փորել և աշխատանքը լցրել է փոսը։ Հայտնի է, որ Տավուշն ամենհամեղ խոզի միսն ունի, որն այսօր վտանգված է, մի կողմից՝ հիվանդությունների պատճառած վնասներն են, մյուս կողմից՝ անասնակերի թանկացումն է և խոզի մսի գնանկումը։ Վնասի գնահատում և փոխհատուցում նախատեսվա՞ծ է, և այդ հիվանդություններն ախտորոշվա՞ծ են»,- հարցրեց պատգամավորը։
Ն. Փաշինյանի խոսքով՝ դրա համար կան ընթացակարգեր, այդ ընթացակարգերով կանցնի տեղեկությունը, և երբ նախատեսված լինի փոխհատուցում՝ կլինի փոխհատուցում, իսկ այն դեպքերում, երբ փոխհատուցում նախատեսված չէ, պետք է տեղի ունենա քննարկում՝ հասկանալու համար, թե ինչպես վարվել։
«Ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն խնդրի վրա, թե ինչքան ծանոթ պատմություն է այն, ինչ դուք հիմա ասում եք, քանի՞ տարի է՝ մենք անընդհատ այդ պատմությունը լսում ենք։ Ամեն տարի մոտավորապես նույն օրերին, նույն ձևով հարցը մենք բարձրացնում ենք: Լավ, հարց չի՞ ծագում, որ մենք ինչ-որ բան սխալ ենք անում, դրա համար էլ ամեն անգամ հայտնվում ենք նույն տեղում։ Շատ կարևոր է, որ մենք հասկանանք, թե ինչ է տեղի ունենում շուկայում: Մի կողմից՝ մենք ասում ենք՝ այնքան խոզ կա, որ միսը գնանկում է ապրում, մյուս կողմից՝ ասում ենք՝ տարեկան 600 հազար գլուխ ոչխարի դեֆիցիտ կա արտահանման։ Ի դեպ, Հայաստանում արտադրվող մսի տեսակներից ամենամրցունակ ապրանքն է միջազգային շուկայում, թե դա ինչու է այդպես ձևավորվել՝ ուրիշ խնդիր է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նկատեց՝ այսօր Հայաստանում խոզի և տավարի միսը համեմատաբար պակաս մրցունակ է։
«Հարց՝ ինչո՞ւ այդ 600 հազար գլխաքանակը չի ապահովվում, որը եկամտաբեր է և ապահովում է մեկ ուղղություն, առաջացնում հետաքրքրություն, որն ամեն տարի բոլորի մոտ նույն խնդիրն առաջացնում է։ Վերջին 15 տարիներին նման աշուն ու գարուն չգիտեմ, որ այս խնդիրը չբարձրացվի, մենք պետք է այդ հարցը քննարկենք և հասկանանք, թե ինչ է կատարվում։ Երբ ասում եմ, որ այդ աշխատանքի մեջ ինտելեկտուալ բաղադրիչը պետք է մեծանա, պետք է մեծանա։ Օրինակ՝ երեկ քննարկում էինք, թե որ հողի վրա ինչ մշակաբույս պետք է աճեցվի։ Այստեղ, իհարկե, կառավարությունը շատ բաներ ունի անելու, որպեսզի գյուղացիներին խորհրդատվություն տա, թե որ տարածքում որ կուլտուրան է ավելի արդյունավետ աճեցնել։ Նույնն էլ վերաբերում է նաև անասնապահությանը»,- շեշտեց նա։
Արձագանքելով՝ պատգամավորը նկատեց՝ եթե այս տեմպերով շարունակվի, ապա Ամանորին ինքն ու վարչապետը չեն կարողանա խոզի կաշի ուտել։
Վարչապետն էլ պատասխանեց, թե՝ «ինչո՞ւ են ամեն տարի խոզերին ուղարկում այն ուղղությամբ, որտեղից վարակված հետ են վերադառնում»։
Զվարթ Խաչատրյան