Բոլորը լծված են բյուջե փող բերելու գործին. Կառավարությունում տնտեսության մասին մտածող չկա

Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում տնտեսության մասին մտածող մարդ չկա։ Բոլոր լծված են միայն բյուջե փող բերելու գործին։ Դրա համար աջ ու ձախ ավելացնում են հարկային բեռը` առանց կշռադատելու հնարավոր հետևանքները։

Իսկ որ այդ հետևանքները ցավոտ են լինելու` կասկած չկա։ Հարկային օրենսգրքի այն փոփոխությունները, որոնք կառավարությունն է առաջարկում, չեն բխում տնտեսության ոլորտի բազմաթիվ մասնակիցների շահերից։ Տուժելու են նաև սպառողները, որոնց վրա էլ ծանրանալու է հարկային բեռը։

Ու դեռ հարց է, թե ի՞նչ է շահելու այս ամենից կառավարությունը։ Հարկային բեռի մեծացումից բյուջեի մուտքերն ավելանալո՞ւ, թե՞ պակասելու են։ Հատկապես որ, դրա հետևանքով բազմաթիվ տնտեսվարողներ դուրս են մնալու դաշտից։

Մինչ Ֆինանսների նախարարության պաշտոնյաները քափ ու քրտինք կտրած պաշտպանում են բյուջեն Հարկային օրենսգրքի նախատեսվող փոփոխությունների հնարավոր կորուստներից, տնտեսական հատվածի մասնակիցների շահերը պաշտպանող չկա։ Թվում էր, թե դա պետք է աներ տնտեսական զարգացումների ու ներդրումների նախարարը, բայց վերջինս ծպտուն չի հանում։ Այնպիսի տպավորություն է, որ դա իրեն չի էլ վերաբերում։ Մինչ տնտեսական հարցերի նախարարը մի կողմ է քաշվել, տնտեսական հատվածի մասնակիցներին այլ բան չի մնում անել, քան փողոցում պայքարել իրենց խնդիրների լուծման համար։

Որ բյուջեի մուտքերի ապահովումը կարևոր է կառավարության համար, կասկած չկա։ Բայց պետք է հասկանալ, որ դրա աղբյուրը տնտեսությունն է։ Եթե տուժում է տնտեսությունը, տուժում է նաև բուջեն։ Այստեղ այլ տարբերակ չկա։

Փոխարենը մտածելու ստվերային շրջանառությունները հարկելու ճանապարհով բյուջեի եկամուտների հնարավոր կորուստները փոխհատուցելու մասին` կառավարությունն այս ու այն կողմ ընկած՝ ավելացնում է հարկային բեռը, երբեմն՝ առանց որևէ հիմնավորման և տրամաբանության։ Բա ո՞ւր մնաց ստվերային տնտեսությունը, որն այսօր էլ մեծ ծավալների է հասնում։ Իշխանափոխությունն այս առումով շատ բան չի փոխել։

Միջազգային կառույցների գնահատումներով՝ ստվերը Հայաստանում տատանվում է 30-40 տոկոսի սահմաններում։ Այսինքն` հսկայական գումարներ դուրս են մնում պետական գանձարանից։ Խոսքը տարեկան առնվազն մի քանի հարյուր միլիոն դոլարի մասին է, որը ժամանակին, երբ դեռ իշխանություն չուներ, Նիկոլ Փաշինյանը խոստանում էր բերել բյուջե։ Այսօր, սակայն, այլ բան է անում։

Կառավարությունը չի կարողանում նույնիսկ բյուջեի նախատեսված փողերը նորմալ հավաքել։ Դա նշանակում է, որ ստվերում պտտվող եկամուտները շարունակում են շրջանցել պետական գանձարանը։

Նախկինում ընդունված էր ասել, որ այդ գումարների մի մասն էլ մտնում է իշխանությունների գրպանը։ Իսկ թե ո՞ւր են գնում դրանք իշխանափոխությունից հետո, երբ վերացել է կոռուպցիան ու հովանավորչությունը, այդպես էլ անհայտ է մնում։

Մի բան փաստ է, որ բյուջեն այս ամենից չի շահել։ Առաջվա նման հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը Հայաստանում շարունակում է չափազանց ցածր մնալ։ Այն գրեթե չի փոխվել նաև իշխանափոխությունից հետո։ Այդ ցուցանիշով Հայաստանը հետնապահների շարքում է, այդ թվում` նաև տարածաշրջանի որոշ երկրների համեմատ։

Տնտեսության ստվերի հաշվին բյուջե փող բերելու կառավարության հիմնական հույսը ՀԴՄ-ներն են ու քաղաքացիների ինքնագիտակցությունը։ Բայց դա էլ չի արդարացնում։ ՀԴՄ-ների դիկտատուրա Հայաստանում ոչ մի կերպ չի հաստատվում։ Ու չի էլ հաստատվելու, եթե կառավարությունը կարծում է, որ այդ մասին հայտարարելով և հույսը քաղաքացիների վրա դնելով՝ իր գործն ավարտել է։

Մինչ կառավարությունը չի կարողանում հարկել ստվերը` գնում է հարկային բեռն ավելացնելու միջոցով բյուջեն լցնելու ցավոտ ճանապարհով։ Սա, թերևս, խնդիրի լուծման այն վատագույն տարբերակն է, որն ընտրվել է։ Քանդում ենք՝ առանց այն էլ, քանդված տնտեսությունը։

Դրանով չբավարարվելով` կառավարությունը հիմա էլ հարձակվել է ֆինանսական հատվածի վրա, որն այն հատուկենտ ոլորտներից մեկն է, ինչը նախորդ տարիներին հաջողվել է քիչ թե շատ կայացնել։ Այն, ինչ առաջարկվում է այստեղ Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով` որևէ լավ բանի չի բերելու։ Գուցե դրա արդյունքում բյուջեի եկամուտները կարճաժամկետ հատվածում իսկապես ավելանան, բայց երկարաժամկետ կտրվածքով հակառակն է լինելու։ Ավելին, խեղաթյուրվելու է ամբողջ դաշտը` մեծացնելով կենտրոնացումը և թուլացնելով մրցակցային հարաբերությունները։

Հայտարարված տնտեսական հեղափոխության ճանապարհին տնտեսության զարգացման համար լուրջ հիմքեր ստեղծելու փոխարեն` կառավարությունն անընդհատ պտտում է միկրոբիզնեսի համար իբր թե հարկային արտոնյալ դաշտ ստեղծելու թեման` մոռանալով, որ դա այս կամ այն կերպ գործում է նաև հիմա։ Խոսքն ընտանեկան ձեռնարկատիրության և ինքնազբաղվածների ինստիտուտների մասին է, որոնք այժմ էլ ազատված են հարկերից և զերծ հարկային վարչարարությունից։ Փոքր ձեռներեցության համար արտոնյալ շրջանառությունների շեմը մի քանի միլիոն դրամով ավելացնելով, բայց մյուս կողմից` խիստ վարչարարության տակ դնելով, ինչը մտադիր է անել կառավարությունը` ՀԴՄ-ների կիրառման միջոցով, անիմաստ է լուրջ արդյունքներ ակնկալել։

Ու այսքանից հետո զարմանալի է, որ տնտեսական հեղափոխություն իրականացնելու կառավարության հիմնական հույսն այս օրենսդրական նախաձեռնության հետ է կապված։

Թե ո՞ւր են տանելու Հայաստանի տնտեսությունն առաջարկվող հարկային փոփոխությունները, ցույց կտա ժամանակ։ Բայց, որ դրանք միտված են ոչ այնքան տնտեսական հատվածի համար գործունեության նպաստավոր պայմանների ստեղծմանը, որքան տարբեր ոլորտներում հարկային բեռի ավելացման միջոցով բյուջեի եկամուտների ապահովմանը, այլևս ակնհայտ է։ Եկամտային հարկի բեռը բնակչության առավել ապահով խավի վրա թուլացնելու դիմաց` կառավարությունը պատրաստվում է հարվածի տակ դնել տնտեսության ու ֆինանսական հատվածի բազմաթիվ մասնակիցների շահերը։

Չհաշված, որ դրա հետևանքով մեծանալու է գնաճային ճնշումը, թանկանալու են բազմաթիվ ապրանքներ ու ծառայություններ` հանգեցնելով հասարակության անապահով հատվածի սոցիալական վիճակի էլ ավելի վատացմանը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս