ՀՀ կառավարությունը չի հրաժարվել Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից. Շավարշ Քոչարյան
Երբևէ չի հայտարարվել, թե ՀՀ կառավարությունը հրաժարվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածություններից:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
«Այդ պայմանավորվածությունների կատարման ուղղությամբ քայլեր կատարվել են, ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում: ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնման գործընթացը չի իրականացվում՝ ադրբեջանական կողմի պատճառով»,- ասաց Քոչարյանը:
Հարցին՝ այդ դեպքում ինչու են ՀՀ վարչապետը և ԱԳ նախարարը հանդիպումներ ունենում Ադրբեջանի իրենց գործընկերների հետ, նախարարի տեղակալն ընդգծեց. «Ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը: Եվ առ այսօր հանդիպումներն ուղղված էին նաև ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերի նվազեցմանը»: