Հենրիկ Նավասարդյանից փորձել են գումար շորթել. մերժում ստանալուց հետո սպառնացել են վարկաբեկիչ տեղեկություններ հրապարակել. shamshyan.com
Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում շորթում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված քրգործը հարուցվել է Երևան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի բնակիչ, 66-ամյա Հենրիկ Նավասարդյանի դիմումի փաստով:
Վերջինս ոստիկանության Թալինի բաժին հայտնել է, որ 2018 թ.-ի նոյեմբերին իրեն է զանգահարել Երևանի բնակիչ Արման Սարգսյանը, ներկայացել որպես լրագրող և իրենից պահանջել գումար:
Հ. Նավասարդյանի կողմից մերժողական պատասխան ստանալուց հետո Ա. Սարգսյանը նրան ասել է, որ եթե իրեն չօգնի գումարով, ապա իր մասին կայքում վարկաբեկիչ նյութեր կհրապարակի:
Կայքի տեղեկություններով՝ Ա. Սարգսյանը նմանատիպ բազմաթիվ զանգեր է հնչեցրել մի քանի գյուղապետերի, պաշտոնատար անձանց, առաջարկել՝ իրեն գումար տրամադրեն, որոշ դեպքերում էլ հեռախոսով SMS –ներ է ուղարկել, սակայն մերժում ստանալուց հետո սպառնացել է մարդկանց, որ նրանց մասին վարկաբեկիչ նյութեր կհրապարակի իր կողմից ստեղծված էլեկտրոնային լրատվամիջոցում: Եղել է նաև դեպք, երբ նա Արմավիրի մարզի գյուղապետերից մեկին սպառնացել է, որ եթե գումար չտա, ապա ինքը բողոք կներկայացնի իրավապահներին, որ գյուղապետը իր վրա զենք է պահել ու նման հայտարարությամբ դիմել է ոստիկանություն:
Սկզբնաղբյուրը հայտնում է, որ Հ. Նավասարդյանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն է: