Football Leaks-ի նոր բացահայտումը «Մանչեսթեր Սիթիի» մասին
«Մանչեսթեր Սիթին» խաբել է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիային, հաղորդում է Der Spiegel-ը` հիմնվելով Football Leaks-ի արտահոսքի վրա:
Տեղեկացվում է, որ «Սիթին» օգտագործում է Կայմանյան կղզիներում գրանցված ֆոնդը՝ երրորդ անձանց կողմից խաղացողների իրավունքները ձեռք բերելու համար: Դա արգելվում է Անգլիայում:
«Մանչեսթեր Սիթիի» տնօրենների խորհրդի նախագահ Ֆերնան Սորիանոն կատալոնացի Մարկ Ինգլայի հետ 2012 թվականին գրանցել է Mangrove կոնվենցիական ընկերությունը Լյուքսեմբուրգում: Ինգլան և Սորիանոն 90-ականներին միասին աշխատել են կատալոնական «Բարսելոնայում»:
Տասը տարիների ընթացքում նրանք նախատեսում էին 30 միլիոն եվրո ներդնել Լատինական Ամերիկայից 70 ֆուտբոլիստների իրավունքների ձեռքբերման մեջ: Գործակալներն ուղղորդվել և ֆինանսական աջակցություն ստացել են «Մանչեսթեր Սիթիից»:
Միևնույն ժամանակ, ակումբի նախագահ Խալդուն ալ-Մուբարաքը հիմնադրել է MPI հիմնադրամը Կայմանյան կղզիներում: Դրանց միջոցով, մասնավորապես, գնվել է արգենտինացի Բրունո Սուկուլինին: Այս հիմնադրամը գումարը ստացել է Moneygrove-ից, որն էլ իր հերթին՝ ստացել է ֆինանսական աջակցություն «Մանչեսթեր Սիթիից»:
Սակայն խաղացողի տեղափոխության ժամանակ «Սիթին» հերքել է ընկերության հետ բոլոր կապերը: «Սիթին» նաև հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:
«Մենք չենք մեկնաբանում կոնտեքստից դուրս բերված նյութերը, որոնք պետք է որ գողացված լինեն City Football Group-ից, «Մանչեսթեր Սիթիի» թիմից և ակումբի հետ կապված մարդկանցից: Ակումբի հեղինակությունը մաքուր է»,- ասված է հայտարարության մեջ:
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարել է, որ իրենք այս հարցում «Սիթիի» դեմ քննություն են իրականացնում: Քննվելու է նաև Ջեյդան Սանչոյի տեղափոխությունը: Ակնհայտ է, որ ակումբը վճարել է գործակալին այն ժամանակ 14-ամյա խաղացողի փոխանցման համար, ինչն արգելված է:
Ավելի վաղ Football Leaks-ը բացահայտել էր, որ Ջանի Ինֆանտինոն թույլ չի տվել, որ ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին» դուրս մնան եվրագավաթներից:
2011-2013 թվականններին ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Սիթին», որոնց տերը շատ հարուստ շեյխ է՝ Մերձավոր Արևելքից, ունեին լուրջ ֆինանսական խնդիրներ և կարող էին որակազրկվել եվրագավաթներից՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար:
Այս ընթացքում Ջանի Ինֆանտինոն մի քանի անգամ գաղտնի հանդիպել է ակումբների տիրոջ ներկայացուցիչների հետ, քննարկել է որակազրկումը շրջանցելու տարբերակները, ինչի իրավունքը չուներ:
Սիրարփի Աղաբաբյան