Թուրքիայում սպանության գործի շրջանակներում ՀՀ երկու քաղաքացի է ձերբակալվել
Ստամբուլում 58-ամյա առևտրական Վեդաթ Յոնգելի սպանության գործի շրջանակներում Թուրքիայում ձերբակալվել է ՀՀ երկու քաղաքացի: Ձերբակալվածներ Արմեն Ա.-ն և Նարիկ Ա.-ն կասկածվում են Յոնգելի սպանության կասկածյալներ Ստելա Մ.-ի ու նրա որդի Վառլամ Մ.-ին օգնելու մեջ: Վերջիններդ փախուստի են դիմել Թուրքիայից:
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Նշվում է, որ հարցաքննությունից պարզ է դարձել, որ կասկածյալները սպանության համար օգտագործված զենքը նետել են ծովը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական մամուլում հրապարակված լուրերում նշվել էր, որ կատարված սպանության մեջ կասկածվում են Հայաստանի քաղաքացիներ:
Նշվում էր, որ փետրվարի 16-ին առևտրով զբաղվող 58-ամյա Վեդաթ Յոնգելը Ստամբուլի Քյաղըթհանեի շրջանում գտնվող տանից 10.000 դոլար էր վերցրել և հեռացել: Որոշ ժամանակ անց հորից լուր չունենալու պատճառով Վեդաթի որդիները` Սերդար և Սեդաթ Յոնգելները դիմել էին ոստիկանություն:
Յոնգել եղբայրները ոստիկանությունում հայտնել էին, որ կասկածներ ունեն Հայաստանի քաղաքացի 46-ամյա Ստելա Մ.-ի նկատմամբ: Վերջինս հաճախակի իրենց տուն է այցելել` մաքրություն անելու:
Դեպքի առթիվ հետաքննություն սկսած Ստամբուլի ոստիկանությունը պարզել է8, որ Հայաստանի քաղաքացի Ստելան և իր որդի 28-ամյա Վարլամ Մ.-ն , Վեդաթ Յոնգելի անհետանալուց 2 օր անց ինքնաթիռով մեկնել են Կարս, որից հետո Վրաստանի տարածքով անցել Հայաստան:
Փետրվարի 19-ին Վարլամ Մ.-ն Յոնգելների ընտանիքին նամակ է ուղարկել` «հայրդ մեր տանն է, գնա, վերցրու» և նշել Վեդաթի գտնվելու վայրը:
Աղբյուրը գրում է, որ Վարլամի ուղարկած հասցեում ոստիկանական ստորաբաժանումները գտել են Վեդաթ Յոնգելի դին: