Գումի շուկայից գնված ձկանը մեծ քանակությամբ գունանյութ են տվել՝ լաբորատորիաները չեն կարողացել ասել, թե ինչ գունանյութ է
Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի նախագահ Մելիտա Հակոբյանի խոսքով՝ Հայաստանում արտադրողները թունավորում են սննդի մեծ մասը, քանի որ ավելացնում են տարատեսակ հավելանյութեր՝ կայունացուցիչներ, գունանյութեր։
Ըստ նրա՝ նախկինում մարդիկ օգտագործում էին բնական հավելանյութեր՝ քացախ, սխտոր, լիմոն և այլն, սակայն արտադրողները հետագայում որոշեցին, որ պետք է քիմիական արտադրությամբ հավելանյութեր ավելացնեն սննդին՝ դրանց ժամկետը երկարացնելու, գույնն ապահովելու համար։
«Հունվարի 3-ին բնակիչներից մեկը զանգահարեց ինձ ու պատմեց, որ ձուկ են գնել Գումի շուկայից, այն եփելուց ամբողջ ջուրը կարմրել է։ Այդպես եփած ձուկը բերեցին մեր տուն, տոնական օրերից հետո սկսեցի զբաղվել այս խնդրով, տարբեր լաբորատորիաներ զանգահարեցի, ասացին, որ ձկան ներկանյութ են տվել, բայց թե կոնկրետ ինչ ներկ է, չկարողացան ասել։ Եթե ձկան ներկ տված չլինեին, ապա այն այնպես հեշտությամբ ձկան վրայից դուրս չէր գա։ Գույնը հատուկ այնքան շատ են տվել, որ ստանան կարմիր գույնի իշխան»,- լրագրողների հետ զրույցում նշեց Մ. Հակոբյանը, ով իր հետ բերել էր նաև ձկան մի մասը։
Մելիտա Հակոբյանի խոսքով՝ Գումի շուկայում իրեն ասել են, որ ձուկը բերվել է Արարատի մարզից։
«Մեր ազգաբնակչությանն ուղղակի հորդորում եմ՝ զերծ մնան գունանյութ ստացած սննդից։ Ձկան դեպքում թող գնեն հասարակ իշխան՝ անգույն, քանի որ բոլորս էլ գիտենք, որ տարբեր հորմոններ են ավելացնում, հատկապես՝ դրանց աճը խթանող, որոնք բերվում են արտասահմանից։ Բայց նման բան չէինք տեսել, սա խայտառակություն է, այսպես են արել, որ ավելի թանկ վաճառեն ու մեծ շահույթ ստանան։ Այս ձուկը պետք է տանել ու արտադրողի գլխով տալ։ Ես հորդորում եմ, որ բոլորը գնեն բնականին մոտ սնունդ»,- ասաց Մ. Հակոբյանը։
Նա նաև նկատեց, որ ամեն արտադրող չէ, որն ուտում է իր արտադրանքը, ինչպես Խորհրդային Միության ժամանակ էր, երբ շինարարները երբեք չէին ապրում իրենց կառուցած շենքում։
Մելիտա Հակոբյանը նաև տեղեկացրեց, որ գունանյութերն օգտագործում են սննդի արտադրության գրեթե բոլոր ոլորտներում՝ դոնդողներ, կոկտեյլներ, ֆաստ-ֆուդ, քաղցրավենիք պատրաստելիս, այդ թվում՝ գազավորված ըմպելիքների մեջ։
«Այնպիսի գույներ են տալիս, որ մարդ զարմանում է, բնության մեջ մենք նման գույներ չունենք, չգիտեմ, թե ինչպես են ստանում։ Դա օգտագործում են մեր երեխաներն ու երիտասարդները, մեր թիրախումբը նրանք են։ Տարեկան մեր ստամոքսն ընդունում է 4-5 կգ գունանյութ, որոնք, մնալով օրգանիզմում, հետագայում առաջացնում են տարբեր հիվանդություններ։ Հավելանյութերն առաջին հերթին կարող են առաջացնել ալերգիա, ստամոքսաղիքային տրակտի հիվանդություններ»,- շեշտեց Մելիտա Հակոբյանը։
Մանրամասները՝168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան