Բաժիններ՝

«Կոնյակագործների և գինեգործների դժգոհությունները տեղին չեն, քանի որ փոփոխված օրենքով ոլորտը զերծ է մնում կեղծարարությունից». Ավագ Հարությունյան

Կոնյակագործությամբ և գինեգործությամբ զբաղվող մի շարք ընկերություններ իրենց դժգոհությունն են արտահայտել նախորդ տարվա հունիսի 13-ին ընդունված և հունվարի 1-ից ուժի մեջ մտած  «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ։ Օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի 100 դրամ պետական տուրք։

Կոնյակագործների և գինեգործների խոսքով՝ օրենքի նման փոփոխությունն արդեն բացասաբար է ազդում գինու և կոնյակի արտահանման և արտադրողականության վրա։ Իսկ այդ ամենից խուսափելու համար Բարեփոխումների  աջակցության հանրային նախաձեռնության կազմկոմիտեի և ոլորտի մի շարք ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմվել է առաջարկությունների փաստաթուղթ-դիմում, որն ուղարկելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։

ՀՀ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանն այդքան էլ համաձայն չէ հնչեցված կարծիքների հետ, քանի որ, նրա խոսքով՝ այդ իրավական ակտն ընդունվել է՝ ելնելով որոշակի բացասական գործընթացներից։

«Այդ օրենքը, այսպես ասած, «կպնում» է խոշոր արտադրողներին, նրանք ավելի շատ են հարկ վճարում, փոքր արտադրողներին սա չի վերաբերում։ Բացի այդ, իրավական այդ ակտը նպաստում է, որպեսզի կեղծիքը վերանա, և մարդիկ ձևավորեն սեփական արտադրություն, այլ ոչ թե՝ սպիրտի առք ու վաճառք։ Այսինքն՝ այդ օրենքն ունի երեք դրական մեսիջ։ Պարզ է, որ ցանկացած օրինագիծ չի կարող բոլորին միաժամանակ բավարարել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ավագ Հարությունյանը։

Նրա խոսքով՝ վերը նշված օրինագծով սահմանափակվել է արտասահմանից ներկրվող սպիրտների մուտքը Հայաստան, որոնք մասամբ օգտագործում էին կեղծարարության նպատակով։

«Նախորդ Կառավարությունն այս օրինագիծն ընդունելիս ուներ երկու մոտիվացիա, նախ՝ կրճատել կեղծարարությունը, որպեսզի դրսից ներկրված սպիտը չօգտագործվի ներսում արտադրվող կոնյակի մեջ։ Օրինագծով սահմանվում է լրացուցիչ տուրք սպիրտի առևտրի համար, ինչը նպաստեց, որպեսզի ինչ-որ չափով կրճատվի սպիրտների ներմուծումը։ Նպաստեց նաև, որպեսզի երկրի ներսում սպիրտ իրար քիչ վաճառեն, և արտահանումը քիչ լինի։ Կառավարությունը մտածում է՝ որքան շատ սպիրտ մնա ներսում, այնքան կոնյակ շատ կարտադրեն, աշխատատեղ շատ կլինի, աշխատավարձերը կբարձրանան և, վերջապես, հարկերը կշատանան։ Իսկ սպիրտի արտահանումից պետությունը հարկ չի ստանում։ Սա է ամբողջ պետական քաղաքականությունը»,- շեշտեց Ավագ Հարությունյանը

Նրա բնորոշմամբ, բնական է, որ այս ամենը որոշ մարդկանց դուր չի գա։ Ավելին՝ նախորդ կառավարությունն ի սկզբանե որոշել էր, որ արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի ոչ թե՝ 100, այլ՝ 600 դրամ, որպեսզի սպիրտի ներմուծումն իսպառ վերանա։ Սակայն հետո իջեցվել է 300  դրամի, այնուհետև՝ 100-ի։

«Այստեղ առաջանում էր մեկ այլ խնդիր, քանի որ Առևտրի համաշխարհային կազմակերպությունն ասում է՝ ինչ ռեժիմ սահմանում ենք ներմուծման վրա, նույնը պետք է լինի նաև ներսում։ Նախորդ Կառավարաության ամբողջ փիլիսոփայությունը կայանում էր նրանում, որպեսզի այդ ամենն ազդի սահմանին մինչև 300-600 գրամ ներմուծման վրա։

Բայց Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ  գնաց բանակցությունների, որպեսզի դա չարվեր ներսի առևտրի վրա։Այստեղ կիսատ բան կա, պետք է ավելի խստացվի ներմուծման առումով»,- ընդգծեց Ա. Հարությունյանը։

Անդրադառնալով գինեգործության արտադրության ծավալներին, Ա. Հարությունյանն ասաց, որ նկատվում է արտադրության նոր աճ, ի հայտ են գալիս նոր արտադրողներ.

«Ոլորտը բում է ապրում, գինեգործությունը մեծ թափով զարգանում է»։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս