Բաժիններ՝

Բրիտանացիները մաթեմատիկոս Ալան Թյուրինգին ճանաչել են 20-րդ դարի մեծագույն դեմքը

Հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան լսարանը մաթեմատիկոս Ալան Թյուրինգին (1912-1954 թթ.) ճանաչել է 20-րդ դարի մեծագույն դեմքը: Քվեարկության արդյունքներն ամփոփվել են BBC-ի երկրորդ հեռուստաալիքի եթերում։

Հարյուրամյակի հասարակական գործիչներին, գիտնականներին ու արտիստներին որոշել են «Կուռքեր» 8-մասանոց հաղորդման ընթացքում, որը եթեր էր հեռարձակվում հունվարի սկզբից: Առաջին յոթ սերիաներից յուրաքանչյուրի ցուցադրումից հետո հանդիսատեսները պետք է ընտրեին այն չորս թեկնածուներից մեկին, որոնց կյանքի ճանապարհն ու ձեռքբերումները քննարկվել էին եթերում:

Փետրվարի 5-ին եթեր է հեռարձակվել հաղորդման եզրափակիչ թողարկումը, որի ընթացքում հարկավոր էր ընտրել արդեն այն յոթ պատմական անձանցից մեկին, որոնք հաղթել էին իրենց անվանակարգերում: «Մեծագույն նկարիչ կամ գրող» կատեգորիայում հաղթանակ է տարել գեղանկարչության մեջ կուբիզմի եւ սյուռեալիզմի հիմնադիր իսպանացի Պաբլո Պիկասոն:

Հեռուստադիտողները դարի «Մեծագույն մարզիկ» են ընտրել բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիին, իսկ հարյուրամյակի լավագույն էստրադային արտիստ՝ 2016 թվականին մահացած երգիչ Դեւիդ Բոուիին: «Մեծագույն առաջնորդ» է դարձել Նելսոն Մանդելան, «Մեծագույն քաղաքական ակտիվիստ»՝ Մարտին Լյութեր Քինգը, «Մեծագույն գիտնական»՝ Թյուրինգը: Հենց վերջինս է ամենաշատ ձայները հավաքել եզրափակիչում:

Հաղորդման ժամանակ ուշադրություն է դարձվել ոչ միայն Թյուրինգի վաստակին՝ որպես ծածկագրողի, որն օգնել է կոտրել գերմանական գաղտնագրերը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, եւ մաթեմատիկոսի, որը կանխատեսել է ժամանակակից համակարգիչների հայտնվելը, այլեւ նրա ճակատագրի վրա:

Թյուրինգը հոմոսեքսուալիստ էր եւ տղամարդու հետ կապի համար դատապարտվել էր, երբ ոչ ավանդական հարաբերությունները դեռեւս օրենքից դուրս էին ՄԵծ Բրիտանիայում: Բրիտանացի մաթեմատիկոսը «Հաշվողական մեքենաները եւ բանականությունը» հայտնի գիտական հոդվածի հեղինակն է, որում նա առաջարկեց արհեստական ինտելեկտի սահմանման կանոնը, որն ստացավ Թյուրինգի թեստ անվանումը:

Դրանում ասված է, որ արհեստական ինտելեկտ կարող է կոչվել համակարգչային այն ծրագիրը, որի հետ շփվելու ընթացքում մարդու մեջ այն հաստատ տպավորությունն է ստեղծվում, որ ինքը խոսում է ոչ թե մեքենայի, այլ մեկ ուրիշ մարդու հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս