Բաժիններ՝

«Այսինքն, հետ դառնանք Ստամբուլ, Թուրքիայի քաղաքացի դառնա՞նք». Առևտրականները կրկին պատրաստվում են ճանապարհ փակել

Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները հունվարի 22-ին փակել էին Բագրատաշենի մաքսային կետի մուտքն ու ելքը՝ պատճառաբանելով, որ իրենց թույլ չեն տալիս անցկացնել օրենքով սահմանված 25 կգ ապրանքը: Հունվարի 23-ին նրանց է հանդիպել  Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ)  տնօրեն Արթուր Վանեցյանն ու հարթել ստեղծված իրավիճակը: Նա հորդորել է այլևս գյուղացիների չկանչել՝ 25 կգ-ից ավելի ապրանքն անցկացնելու ու մաքսազերծումից խուսափելու համար: Պարզվում է՝  այս խնդրին է բախվել հաջորդ խումբը:

Քիչ առաջ 168.amի խմբագրություն էին զանգահարել Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիներն ու ասացին, որ՝ իրենք ի՞նչ մեղք ունեն, որ ոչնչից տեղյակ չեն եղել:

«Հարցնում ենք՝ այսքան ուղևորին ի՞նչ անենք, հե՞տ դառնանք, պատասխանում են, թե հա, գնացե՛ք Ստամբուլ: Այսինքն, հետ դառնանք Ստամբուլ, Թուրքիայի քաղաքացի դառնա՞նք: Երբ եկանք, հասանք անցակետ՝ հայտնեցին, որ 25 կգ է օրենքով ու սկսեցին բանավոր բացատրել: Ես էլ ասացի, որ բառացին ինձ համար փաստ չէ: Հարցրեցի՝ թուղթ կա՞, որ կարդամ, իմ օրենքներն իմանամ: Հիմա ես որ քեզ խաբեմ, ասեմ՝ այսպես, այնպես, պետք ա հավատա՞ս, իհա՛րկե ոչ: Անընդհատ կրկնում են՝ 25 կգ: Այսինքն, ուղևորը որ մի տեղ է գնում, ոչ մի շոր չպե՞տք է վերցնի իր հետ: Ի՞նչ է, պետք է գնանք մարմնավաճառ աշխատենք, որ փող վաստակե՞նք: Թող մեր վարչապետն աշխատանքով ապահովի, մենք էլ չգնանք: Հեշտ չի այս աշխատանքը, ու երբ ինքը որևէ աշխատատեղ չի ստեղծել, ումից ի՞նչ է պահանջում»,- ասաց բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրենն ու հայտնեց, որ հիմա ունի 25 հոգի ուղևոր և 2 տոննա բեռ:

Մեր այն դիտարկմանը, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ, և Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի, իսկ չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար, նա պատասխանեց.

«Գործում է, բայց հաստատված չէ, հարգելի՛ս»:

Հարցին՝ հիմա ներկաներից ոչ ոք չի ուզո՞ւմ 25 կգ-ից շատ ապրանքը մաքսազերծել, մեր զրուցակիցը պատասխանեց, որ կմաքսազերծեն, բայց ոչ 4 եվրոյով:

«Այսինքն, 30 կգ է ապրանքը, 25-ը անցնի, 5-ը մաքսազերծե՞ն, այդ որտե՞ղ է գրված: Մենք այն ժամանակ 50 կգ ապրանք էինք բերում, սիրուն աշխատում էինք, ոչ մի խոչընդոտ չկար»,- նկատեց բեռնափոխադրող ընկերության տնօրենը:

Առևտրականներից մեկն էլ նշեց. «Սոված-ծարավ, հյուրանոցներին գումար տալով՝ մարդիկ քամվեցին: Ասում են՝ 25 կգ, չէ՞, օրինակ ինձ արգելել են Թուրքիա գնալ, չեմ կարողանում մեկնել, բայց մայրս ապրանք է ուղարկում, ես այն չեմ կարողանում անցկացնել, որովհետև ասում են՝ գնա Թուրքիայի սահմանը հատի, նոր արի տար, դա ո՞նց հասկանանք: Սա ի՞նչ է: Մենք պատրաստվում ենք կրկին ճանապարհ փակել: Պահանջում ենք, որ այս հարցին լուծում տան»:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս