Խառնաշփոթ Բագրատաշենի մաքսային կետում. Հիմա էլ 25կգ ապրանքը թույլ չեն տալիս տեղ հասցնել
Թուրքիայից ապրանք ներկրող ՀՀ քաղաքացիները խնդրի առջև էին կանգնել, քանի որ վրացիները նրանց չեն թողել հատել սահմանը: Հիմա էլ Բագրատաշենի մաքսային կետում է խնդիր առաջացել:
«Վրաստանում ՀՀ դեսպանը միջամտեց՝ ապրանքը եկավ հասավ Հայաստան, հիմա էլ այստեղ 25 կիլոգրամների համար ենք կռիվ անում: Մեզ չեն թողնում անցնել: Ես ապրանքը պատվիրել եմ Թուրքիայից, այն եկել է, գնացել եմ Վրաստանից բերել եմ, հիմա չեն թողնում այս մարդիկ՝ ՊԵԿ վերահսկողության վարչությունը: Ասում են՝ պետք է անպայման գնաք Թուրքիա գաք ու վերցնեք ձեր ապրանքը: Տարբերությունը ո՞րն է, կարող է Վրաստանից եմ ապրանքը բերել: 21-րդ դարն է, ես Viber-ով եմ աշխատում: Մենակ ես չեմ, մոտ 300 հոգի կա: Կեսը պատվերով է ապրանք ձեռք բերել, կեսն էլ անձամբ է գնացել Թուրքիա: Հիմա որ Չինաստանից ու ԱՄԷ-ից ապրանք եմ ստանում, պետք է այդ երկրներ հասնե՞մ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Նար Տուր» ուղևորային բեռանափոխադրող ընկերության փոխտնօրեն Վարդան Բեգինյանը:
Նշենք, որ 2019 թվականի հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափը կրճատվել է 3 անգամ, իսկ կշիռը՝ 2 անգամ: Փոփոխությունները նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:
Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց տեղեկացրել է, որ նոր կարգավորման համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որևէ գանձում չի կատարվի: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
Ընդ որում, կարգավորումները վերաբերում են տրանսպորտային միջոցներով (բացի օդային տրանսպորտից) կամ առանց դրանց ԵԱՏՄ տարածք ներմուծվող, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռում անձնական օգտագործման ապրանքներին, բացառությամբ էթիլային սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, անձնական օգտագործման ոչ բաժանելի ապրանքների:
https://www.facebook.com/gayane.ayvazyan1/videos/2438296602869793/?t=0
Անի Կարապետյան