«2018թ. ոչնչով աչքի չընկավ հայ-վրացական հարաբերությունների համար». Վրացի վերլուծաբան

«Հայաստանն ու Վրաստանը շատ անելիքներ ունեն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց  Վրաստանի ԱԳ նախկին նախարար, դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին, ամփոփելով 2018թ. հայ-վրացական հարաբերությունների համար և նախանշելով մյուս տարվա ուղենիշերը:

Իրակլի Մենագարիշվիլին նշեց, որ 2018թ. ոչնչով աչքի չընկավ հայ-վրացական հարաբերությունների տեսանկյունից, այնինչ Հարավային Կովկասում մեր երկու երկրների հարաբերությունների զարգացումը բխում է ողջ տարածաշրջանի անվտանգային և կայունության, տնտեսական շահերից:

«Տեղի ունեցան երկու երկրների ղեկավարների բարձրաստիճան այցեր Հայաստան և Վրաստան, տարատեսակ կարևոր ծրագրեր քննարկվեցին, որոնք, օրինակ, պետք է վերացնեին Լարսի խնդիրը, խորացնեին երկկողմ համագործակցությունը մի շարք ոլորտներում, սակայն դրանց ուղղությամբ գործուն քայլեր չեն ձեռնարկվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տարին բավականին բուռն էր երկու երկրների ներքաղաքական կյանքում: Հայաստանում հեղափոխություն տեղի ունեցավ, հետհեղափոխական զարգացումներ, ընտրություններ, իսկ Վրաստանում՝ նախագահական ընտրություններ բավականին կոշտ մթնոլորտում, ապա՝ ակտիվ հետընտրական զարգացումներ:

Մենք մշտապես խոսել ենք այն մասին, որ անկախ իշխանությունների բնույթից, նրանց ցանկություններից, սրանք եղբայրական հարաբերություններ են, մեծ պատմություն ունեն, և ղեկավարները պետք է ելնեն այդ իրողությունից և զարգացնեն հարաբերությունները: Հուսանք` 2019թ. ընթացքում մի շարք կարևոր հարցերի ուղղությամբ առաջընթաց կգրանցվի: Այդ թվում՝ Վրաստանի համար  կարևոր է, որ գալիք տարի  տհաճ անակնկալներ չմատուցի տարածաշրջանին ԼՂ հակամարտությունը, ուստի Վրաստանը պետք է փորձի հնարավորինս աջակցել կարգավորման գործընթացին, ժողովրդական դիվանագիտության ակտիվացմանն ու ամրապնդմանը, նման փորձ Վրաստանն ունի:

Վրաստանի համար ցանկալի զարգացում կլինի նաև Եվրամիության ուղղությամբ Հայաստանի ընթացքը, քանի որ դա կմոտեցնի մեր երկրները, կասոցիացնի եվրոպական չափանիշերին, կբարեփոխի, որից կշահի մեծ տարածաշրջանը: Հայաստանն ու Վրաստանը շատ անելիքներ ունեն և երկկողմ, և տարածաշրջանային, և բազմակողմ հարթությունում, կան քննարկվող գլոբալ ծրագրեր, ինչպիսին Պարսից ծոց-Սև ծով ծրագիրն է, տարածաշրջանային համագործակցությունները, որոնցում Հայաստանն այդքան էլ ակտիվ չէ, սակայն Վրաստանը տրամադրված է այնպես անել, որ տարածաշրջանում Հայաստանի շրջափակումը չխորանա:

Որքան շուտ կողմերը լծվեն այս ծրագրերի  իրագործմանը, այնքան շուտ կշահեն: Դրա համար պետք է առաջին հերթին ակտիվ երկխոսություն և ստեղծարարություն»,- ասաց Մենագարիշվիլին:

Տեսանյութեր

Լրահոս