Արա Բաբլոյանի ողջունել է Արևելյան գործընկերության խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպման մասնակիցներին
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 6-ին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ Ազգային ժողովում ընթացող Արեւելյան գործընկերության խորհրդարանների գլխավոր քարտուղարների 2-րդ հանդիպմանը:
Արա Բաբլոյանը կարեւորել է միջոցառման անցկացումը ՀՀ Ազգային ժողովում: Խորհրդարանի ղեկավարը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերներին, Վրաստանի խորհրդարանի գլխավոր քարտուղար Գիվի Միկանաձեին այս պլատֆորմը նախաձեռնելու, ինչպես նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությանը՝ խորհրդարանների կարողությունները հզորացնելուն ուղված ծրագրերի իրականացմանն աջակցելու համար: ՀՀ ԱԺ նախագահն իր ելույթում նշել է.
«Ուրախ եմ, որ Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ ձեր պետությունների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ ստեղծվել է համագործակցության լայն շրջանակ:
Խորհրդարանը, ինչպես գիտեք, ժողովրդավարության գլխավոր ինստիտուտներից է, որի աշխատանքն անհնար կլինի առանց խորհրդարանի գործունեությունն ապահովող աշխատակազմի: Բացի դա, խորհրդարանի աշխատակազմը կարեւոր դեր ունի օրենսդիր մարմնի շարունակական եւ հետեւողական աշխատանքի ապահովման գործում եւ պատահական չէ, որ աշխատակազմը համարվում է խորհրդարանի ինստիտուցիոնալ հիշողությունը:
Պատգամավորները մշտապես փոփոխվում են, գալիս են նորերը, որոնց մի մասը՝ առաջին անգամ: Նրանց հիմնական հենարանը պետք է դառնա հենց աշխատակազմը: Նորընտիր պատգամավորը, սկսելով օրենսդիր գործունեությունը, պետք է վստահ լինի, որ խորհրդարանում ունի այնպիսի աջակցություն, որը կապահովի իր հիմնական գործունեությունը: Աշխատակազմի դերն ու նշանակությունը, իհարկե, այսքանով չի սահմանափակվում: Մենք՝ պատգամավորներս, ընտրվելուց հետո մեր պաշտոնավարման ողջ ժամկետի ընթացքում հենվում ենք հենց աշխատակազմի վրա, իսկ որքան բարձր է աշխատակազմի պրոֆեսիոնալիզմը, այնքան քիչ են մեր աշխատանքային հոգսերը:
Հենց այդ պատճառով ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն այդքան բարձր գնահատեց ինչպես աշխատակազմերի գործառույթները, այնպես էլ գլխավոր քարտուղարների՝ խորհրդարանների աշխատակազմերը ղեկավարելու ու զարգացնելու պարտավորությունները:
Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականին անցում կատարեց կառավարման խորհրդարանական ձեւին, ինչը ենթադրում է խորհրդարանի դերի, լիազորությունների եւ պարտականությունների էական ավելացում: Զգալիորեն փոփոխվեցին խորհրդարանի գործառույթները, դրանցում ավելացավ կառավարության նկատմամբ վերահսկողության գործառույթը, իսկ այդպիսի կարեւոր ֆունկցիան անհնար կլինի իրականացնել առանց արհեստավարժ աշխատակազմի:
Այս համատեքստում մենք սկսել եւ հաջողությամբ շարունակում ենք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կարողությունների զարգացումը, որն ուղեկցվեց աշխատակազմում գործառույթների հստակեցմամբ, նոր պարտավորությունների սահմանմամբ եւ կառուցվածքային բարեփոխումներով: Այդ բարեփոխումների շրջանակում ամենամեծ ծրագիրը, իմ կարծիքով, Ազգային ժողովի վերլուծական կենտրոնի ստեղծման նախաձեռնությունն է: Մեր նպատակն է ունենալ ընդունված օրենքների արդյունավետության մշտադիտարկման ապահովում, վերլուծությունն ու գնահատումն իրականացնող, ինչպես նաեւ ցանկացած բնագավառում միջազգային օրենսդրական փորձն ու ավանդույթները Հայաստանում կիրառելու հնարավորության վերաբերյալ հիմնավորված առաջարկներ ներկայացնող մարմին: Այս ուղղությամբ աշխատանքները, իհարկե, կշարունակվեն:
Ստանձնելով ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնը՝ հենց առաջին օրվանից խորացրել եմ ԱԺ նախագահ եւ աշխատակազմ աշխատանքային հարաբերությունները եւ ամենեւին պատահական չէր, որ հրաժարվեցի Ազգային ժողովի նախագահի համար նախատեսված շուրջ 25 խորհրդականների, օգնականների ու ռեֆերենտների 80 տոկոսից: Համոզված էի, որ Ազգային ժողովի աշխատակազմն ամբողջությամբ բավարար է աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար: Հիմա հպարտությամբ փաստում եմ, որ համոզմունքս ճիշտ էր եւ անցնող ժամանակահատվածում կատարված հսկայական աշխատանքն էլ դրա ապացույցն է:
Խորհրդարանների հարգարժան գլխավոր քարտուղարներ,
ավարտելով խոսքս՝ առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ձեզ, որ մշտապես կանգնած եք մեր՝ օրենսդիրներիս թիկունքին եւ ապահովում եք մեր գործունեության արդյունավետությունը:
Մաղթում եմ արդյունավետ աշխատանք»: