Բաժիններ՝

«Շատերը հասկանում են՝ կարո՞ղ են դառնալ դերասան թե՞ ոչ»

«ԱրմմոնոPlus» թատերական երկրորդ փառատոնի շրջանակում արվեստասերները հնարավորություն կունենան Երևանի տարբեր հարթակներում դիտել տասը բազմատեսակ մոնոներկայացումներ՝ մոնոպար, մոնոդրամա, մոնոօպերա: Փառատոնը կանցկացվի նոյեմբերի 19-ից դեկտեմբերի 10-ը:

Սպասվող բեմադրությունների, փառատոնի ընթացքում անցկացվելիք վարպետության դասերի մասին «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանի հետ:

«Այս փառատոնը «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հավելվածն է: Այն կարող եմ անգամ փառատոն-լաբորատորիա անվանել, քանի որ, բացի հետաքրքիր ներկայացումներից ,կանցկացվեն վարպետության դասեր, երիտասարդ և արդեն հասուն արտիստների հանդիպումներ, քննարկումներ: Կիրականացվի «Արմմոնո-հանդիպում» կրթական ծրագիրը: «Լոֆթ»-ում հանդիպում է նախատեսվում հոգեբան Եվա Օհանյանի հետ։ Նա կզրուցի «Թատրոնը հոգեբանի աչքերով» թեմայի շուրջ: Վերջերս Շվեյցարիայից վերադարձած բեմանկարիչ Վիկտորիա Ռիեդո Հովհաննիսյանը կանդրադառնա բեմանկարչի աշխատանքի առանձնահատկություններին։ ՀՀ վաստակավոր արտիստ Նարինե Գրիգորյանը երիտասարդ դերասանների հետ կխոսի «Խաղում ենք մոնոներկայացում» թեմայի շուրջ, իսկ Հայաստանի սպորտային պարերի բազմակի չեմպիոն և մրցանակակիր Արտակ Զախարյանը «Շարժվի´ր ռիթմով» թեմայով վարպետության դաս կանցկացնի «ԼատինԱրտ» ստուդիայում,-նշեց Մխիթարյանը:

Անդրադառնալով բեմադրություններին՝ տնօրենը հատկապես կարևորեց այն հանգամանքը, որ այս տարի ընդգրկվել են ներկայացումներ ՀՀ մարզերից: «Բեմադրություններ են ներառվել Գորիսի Վ. Վաղարշյանի և Գավառի Լ. Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոններից: Այն հանգամանքը, որ մեր երիտասարդները մարզերում նոր գործեր են բեմադրում, ստեղծում են, աշխատում են ու զարգացնում մարզային մշակութային կյանքն իրենց ներկայացումներով, շատ ողջունելի է: Արժանի են, որ ավելի արժեվորենք նրանց աշխատանքն ու թևեր տանք նրանց: Երբ բարի աչքով ես նայում բեմադրիչին, խրախուսում ես դերասանին, նրանք ավելի վստահ են դառնում, ավելի են հավատում իրենց ուժերին»,-շեշտեց Մխիթարյանը:

Փառատոնի ծրագրում ներառված են Նարեկ Բաղդասարյանի «ՀամլետMachin», Տաթև Ղազարյանի «Սովորական օր», Նորա Բադալյանի «Լեդի Մակբեթ», Արմեն Քուշկյանի «Նաստասիայի դերում՝ իշխան Լև Նիկոլաևիչ Միշկին», Վալենտինա Դավիթավյանի «Ուղղակի Ֆրիդա», Դավիթ Աբրահամյանի «Թթվածին», Աքսաննա Բաբաջանյանի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս», Ռուզաննա Պողոսյանի «Ժաննա դը Արկ» և Հասմիկ Հարությունյանի «Համբարձման գիշեր» ներկայացումները:

«ԱրմմոնոPlus»-ը ստեղծագործողներին թույլ է տալիս բեմադրել այն, ինչ ցանկանում են, այն, ինչ դերասանները երազում են խաղալ, քանի որ մեծ թատրոններում միշտ չէ, որ կա այդ հնարավորությունը: Վերոնշյալ ներկայացումներից կառանձնացնեմ «Համբարձման գիշեր» մոնոօպերան, որը բեմադրվել է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա: Այն թատերասները կարող են դիտել Հովհաննես Թումանյանի թանգարանում»,-ընդգծեց փառատոնի տնօրենը:

Նա հավաստիացրեց, որ մոնոներկայացումների ժանրը գնալով ավելի մեծ մասսայականություն է վայելում:

«Մեր փառատոնի շնորհիվ թե՛ երիտասարդները, թե՛ հասուն ստեղծագործողները ունենում են դաշտ՝ իրականացնելու իրենց գաղափարները, երազանքները: Հետագայում ներկայացումները ցուցադրում են աշխարհի տարբեր երկրներում և հաջողությունների են հասնում, մրցանակներ շահում: Շատերը հասկանում են՝ կարո՞ղ են դառնալ դերասան թե՞ ոչ, որքանո՞վ են ունակ գրավելու դահլիճն ու պահել այն: Մոնոներկայացման պարագայում դա ամենակարևոր գործոնն է»,-ասաց Մխիթարյանն ու հավելեց, որ իրենք փորձում են կազմել ծրագիրն այնպես, որ ցանկացած հանդիսատես իր համար գտնի ներկայացում, որը կհիշի երկար ժամանակ:

«ԱրմմոնոPlus» թատերական փառատոնը հարթակ է, որտեղ երիտասարդ ու խոստումնալից թատերական գործիչները կարող են ցուցադրել իրենց աշխատանքները. լավագույն մոնոներկայացումները կընդգրկվեն «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի հիմնական փուլում, որը կանցկացվի հաջորդ տարվա ապրիլի 28-ից մայիսի 2-ը:

«ԱրմմոնոPlus» թատերական փառատոնի ներկայացումները կցուցադրվեն Փոքր թատրոնում, ՀԹԳՄ-ում, Հովհաննես Թումանյանի թանգարանում, Զուլում և Մուշեղ Գրիգորյանների արվեստանոցում և «Լոֆթ»-ում։
Ներկայացումների մուտքն անվճար է:

Փառատոնն իրականացնում է «Արմմոնո մշակութային փառատոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Անժելա Համբարձումյանա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս