Բաժիններ՝

«Ադրբեջանական հեռուստաընկերությունից լսել են, որ իբր Ադրբեջանը մինչև նոյեմբերի վերջ Վրաստանի տարածքում գերիների վերադարձման առաջարկ է արել»

Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարազատներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին։

ՀՀ Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը 168.am-ի հետ զրույցում հայտնեց, որ բողոքի ակցիան սկսել են ժամը 11։00-ից:

«Կարենի ընտանիքի անդամներն են, գյուղացիներ: Շատ լավ մարդիկ են, սակայն իրենց թվում է՝ ինչ-որ բան կարող ենք անել ու չենք անում: Հստակ պահանջ իրենք էլ չեն կարողանում ձևակերպել, պարզապես ադրբեջանական հեռուստաընկերությունից լսել են, որ իբր Ադրբեջանը՝ առանց քննարկումների, մինչև նոյեմբերի վերջ Վրաստանի տարածքում գերիների վերադարձման առաջարկ է արել: Հայաստանը պաշտոնապես նման առաջարկ չի ստացել, որ քննարկվի: Եվ հետո, մեր խաղաղ քաղաքացիներն են այդ երկիր գերի, իսկ մեզ մոտ դիվերսանտներ են, որոնք դատապարտվել են սպանության համար»,- ասաց Տավուշի մարզպետը:

Նշենք, որ ավելի վաղ 168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադարձել էր գերիների հետ կապված այս խնդրին՝  չողջունելով  այն խոսակցությունները, թե հնարավոր  է՝ համաձայնության գան ու անօրինական կերպով Արցախ մուտք գործած, հանցագործություն կատարած Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին վերադարձնեն Ադրբեջան:

Կարդացեք նաև

«Չկա որևէ ադրբեջանցի, որ Կարեն Ղազարյանի նման հայտնված լիներ հայկական կողմում: Իսկ Ասկերովի և Գուլիևի Ադրբեջան վերադարձի մասին խոսել՝ նշանակում է՝ արհամարհել միջազգային և բարոյական նորմերը: Դեմ եմ այդ զրույցների տարածում ստանալուն»,- նշել էր Լարիսա Ալավերդյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս